Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ

Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Երևանում մայիսի 25-ին տեղի կունենա հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի հոբելյանական՝ «60 տարի բեմում» համերգը, որի համար մշակվել է հատուկ ծրագիր սիրված և նոր երգերից։

«Երկու նոր երգ կա, մեկը՝ Սևակ Ամրոյանի հետ դուետը, մյուսը՝ Միշել Լեգրանի լավագույն երգերից մեկը, որը հայ հանդիսատեսի համար չեմ կատարել։ Հին, սիրված երգեր նույնպես հնչելու են, որովհետև վերջին անգամ 1991 թվականին եմ Հայաստանում երգել և այդքան տարիների նոր երիտասարդները չեն ճանաչում ինձ։ Դրա համար իմ երգերը նորից կերգեմ։ Կկատարեմ նաև Ազնավուրի երգերից մի քանիսը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոզի Արմենը։

Համերգին 40 հոգանոց նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 25-ին կայանալիք համերգին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու կենդանի կատարմամբ 20 երգ։

«Երբ ինձ առաջարկեցին Ռոզի Արմենի համերգը դնենք, ես շատ ուրախացա։ Այս մի քանի օրվա փորձերը ցույց տվեցին, որ նա կարող է երկու մասից բաղկացած համերգ երգել։ Անգամ այսօրվա երիտասարդներից շատերը չեն կարող երկու մասից բաղկացած համերգ երգել։ Ե՛վ նվագախումբն է լավ պատրաստված, և՛ Ռոզի Արմենն է լավ մարզավիճակում, փորձերը ցույց տվեցին դա։ Հույս ունեմ ամսի 25-ին մեր ունկնդրին կմատուցենք լավագույն կատարումները»,- ասաց Երվանդ Երզնկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում