Արարչագործության շարքի մանրանկարները

Արարչագործության շարքի մանրանկարները

Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար Աստվածաշնչում նկարագրածի համաձայն՝ Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից: Երրորդ օրը ներկայացնող պատկերներում ջրային հորձանքն է և բույսերով պատած ցամաքը: Չորրորդ օրը Աստված ստեղծեց երկնային լուսատուները, իսկ հինգերորդ օրը՝ ջրային կենդանիներին, զեռուններին և թռչուններին, որոնք էլ պատկերված են այդ օրերը ներկայացնող տեսարաններում: Արարչագործության պսակը դարձավ վեցերորդ օրը, երբ Աստված ստեղծեց սողուններին ու գազաններին և ընդհանրապես չորքոտանի բոլոր կենդանիներին, ապա՝ մարդուն: Դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Ինչպես գրում է Փիլոն Ալեքսանդրացին, դրախտը ուրախության և զվարթության խորհուրդն ունի: Ծննդոց գրքի համաձայն՝ պատկերվում են դրախտից ելնող չորս գետերը, որոնցից յուրաքանչյուրի կողքին գրված է անունը՝ Փիսոն, Գեհոն, Եփրատ և Տիգրիս: Խաչատուր Խիզանցու 1591թ-ին նկարազարդած ավետարանում դրախտի կենտրոնում Կենաց ծառն է, որը բարձրանում է խաչադրոշ վեմ սեղանի վրա, որից սկզբնավորվում են նաև դրախտի չորս գետերը: Պատկերագրական նման կառուցվածքը հիմնված է Կենաց ծառ-խաչափայտ զուգահեռի վրա: Ինչպես դրախտի չորս գետերն են նյութականորեն ոռոգում աշխարհը, այնպես էլ խաչից Քրիստոսից բխող չորս ավետարաններն են ոռոգում, հոգևոր կենդանություն պարգևում մարդկային հոգուն:

Հայերեն Հին կտակարանի նկարազարդված օրինակներ հայտնի են XIII դարից: Դրանք մեծ մասամբ Կիլիկիայում ընդօրինակված ձեռագրեր են: Այդպիսիք են Հովհաննես Արքաեղբոր պատվերով ընդօրինակված Աստվածաշնչերը: Նույն դարում է նկարազարդվել նաև Երզնկայի Աստվածաշունչը: Հիշված ձեռագրերում Հին կտակարանի պատկերագրությունը սկսվում է ոչ թե Ծննդոց գրքի բովանդակությանը համապատասխան նկարներով՝ արարչագործության տեսարաններով, այլ Մովսես մարգարեի դիմապատկերով, որտեղ վերջինս ներկայացված է որպես Ծննդոց գրքի հեղինակ և անվանաթերթերի վրա նա պատկերված է այն գրելիս:

XIV դ. Հայաստանում ստեղծված Աստվածաշնչերի Ծննդոց գրքում պատկերագրական նոր հորինվածքների ենք հանդիպում: Արարչագործության շարքի հնագույն օրինակներից են Գլաձորի մանրանկարիչ Թորոս Տարոնացու ՄՄ 206 (1318 թ., 4ա) և նրան վերագրվող ՄՄ 353 (1317 թ., 8ա) Աստվածաշնչերի Ծննդոց գրքերի անվանաթերթերում «Ի» գլխատառի առանցքների փոքրիկ ձվաձև շրջանակների մեջ պատկերված աշխարհի ստեղծման օրերը

ներկայացնող մանրանկարները: Թորոս Տարոնացին իր ընդօրինակած Աստվածաշնչերից մեկում Մովսեսի պատկերի հետ մեկտեղ նկարել է Ադամին ու Եվային իմացության ծառի մոտ: Նման պատկերներ առկա են նաև XIV դ. կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի գործերում և նույն դարի Վասպուրականի մանրանկարիչ Զաքարիա Աղթամարցու ընդօրինակած Ճաշոցի լուսանցազարդերից մեկում:

Արարչագործության շարքը փոքր-ինչ ընդարձակվում է Տաթևի և Վասպուրականի XIV-XVII դդ. մանրանկարներում: Արարչագործության շարքի պատկերներ են ներկայացված մանրանկարիչ Անանուն Սյունեցու ծաղկած ավետարանի էջերում. կենաց ծառի տակ պառկած Ադամի կողից ելնում է Եվան, որը ձեռքերը պարզել է դեպի Արարիչը, մեղսագործություն, դրախտից արտաքսում: Ադամի կողից Եվայի ստեղծման հայկական հնագույն մանրանկարներից է Անանուն Սյունեցու նկարազարդած ավետարանի պատկերը, ուր ներկայացված է այն պահը, երբ Աստված թմրություն է իջեցրել Ադամի վրա և նրա բացված կողից աստվածային աջով ստեղծվում, վեր է ելնում Եվան: Այստեղ Ադամն ու Եվան գտնվում են դրախտի պայծառ ու գեղեցիկ համապատկերում հրեշտակների փառաբանության ու օրհներգությունների ներքո, իսկ կենտրոնում՝ Կենաց ծառն է՝ դրախտի կախարդական թռչուններով: Այս ավետարանում Անանուն Սյունեցին ներկայացրել է դրախտի եռամաս կառուցվածք ունեցող պատկերաշար: Առաջինը Եվայի ստեղծումն է, երկրորդը՝ մեղսագործությունը, արգելված պտղի ճաշակումը, երրորդը՝ իմացության պտղի ճաշակումից հետո Ադամի ու Եվայի երկնչելն ու Աստծուց թաքնվելը:

Այս երեք մանրանկարներում էլ Հայր Աստված պատկերված է Քրիստոսի նմանությամբ, քանի որ մինչև 16-17-րդ դարերը Սուրբ Հոգին և Հայր Աստված առանձին կերպավորում չէին ստանում:

Ծաղկող Սարգիս Խիզանցին պատկերել է դրախտը, ապա՝ Ադամի ու Եվայի մեղսագործությունը և նրանց արտաքսումը դրախտից: Նկարի տակ կա հետևյալ մակագրությունը. «Ադամ և Եւայեն դէմ դրախտին կուլան»: Նման բովանդակություն է արտահայտված նաև XVII դ. ծաղկող Առաքել Գեղամեցու գործերում: Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային: Նկարի տակ մակագրված է. «Ուրբաթ աւուրն Ադամ ստեղծեց և Եվայ ի կողեն քաշեց»:

Արարչագործության երկրորդ տարբերակը հանդիպում է Ղրիմի XIV դ. հայերեն Աստվածաշնչում (ՄՄ 352), որտեղ համադրված են արարչագործության օրերը, Ադամի և Եվայի ստեղծումը, մեղսագործությունը և վտարումը դրախտից: Ձեռագիրն ընդօրինակվել է 1367-1371 թթ. Սուղտա-Սուրղաթում, որի Ծննդոց գրքի արարչագործության տեսարանը տեղավորված է մեկ էջի վրա և ունի հետևյալ պատկերագրությունը. վերևի աջ անկյունում նստած է Հայր Աստված, Նրա առջևում հրեշտակներն են, ձախ կողմում՝ աշխարհաստեղծման պատկերաշարը: Նկարի կենտրոնական մասում հորիզոնական երեք շարքով պատկերված է Ադամի ու Եվայի պատմությունը: Առաջին շարքում՝ Ադամը դրախտում և Եվայի ստեղծումը նրա կողից, երկրորդ շարքում՝ Ադամի ու Եվայի մեղսագործությունը, ապա՝ նրանք զգեստավորված, երրորդում՝ Աստված նրանց դուրս է

հանում դրախտից: Պատկերման այս տարբերակը հիշեցնում է Աղթամարի գմբեթի ներսի որմնանկարը:

Հայերեն Ծննդոց գրքի արարչագործության պատկերների երրորդ տարբերակն առաջին անգամ հանդիպում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում ընդօրինակված XIII դ. հայերեն Աստվածաշնչում: Ձեռագրի գրիչը, թերևս նաև նկարների հեղինակը, Առաքելն է:

Ձեռագրի Հին և Նոր կտակարանների նկարազարդումները կատարված են մեծ վարպետությամբ: Այս Աստվածաշունչը XIV դ. բերվել է ղրիմահայ գաղթօջախ, և նշանավոր գրիչ Նատերի որդի Ստեփանոսն այն լրացրել է Նոր կտակարանի մի քանի պատկերներով: Բոլոնիայի Աստվածաշնչի Ծննդոց գիրքը ունեցել է հետևյալ պատկերագրությունը՝ ամբողջ էջը հորիզոնական ուղղությամբ բաժանված է երեք շարքի. առաջին շարքում հայր Աստված բազմած է չորեքկերպյան աթոռին, իսկ Նրա աջ և ձախ կողմերում հրեշտակներն են: Երկրորդ շարքում պատկերված են Ադամն ու Եվան դրախտում, Եվայի՝ օձի հետ խոսելու պահը, ապա՝ նրանք իրենց մերկությունը ծածկած:

Երրորդ շարքում՝ Աստված Ադամին ու Եվային արտաքսում է, և հրեշտակը նրանց դուրս է հանում դրախտից: Այս պատկերագրությունը նման է IX դ. Տյուրի նկարազարդ Աստվածաշնչերի արարչագործության պատկերներին: Արարչագործության նման ձևեր հանդիպում են նաև իտալական վերածնության շրջանի քանդակագործության մեջ:

Օրինակներ կարելի է տեսնել Բոլոնիայի XV դ. քանդակագործ Յակոբո Դելլա Կվերչայի կատարած Սան Պետրոնսո եկեղեցու խորաքանդակում, որտեղ դարձյալ հրեշտակն է Ադամին ու Եվային դուրս հանում դրախտից: Ուշագրավ են նաև Օրվետի տաճարի Լորենցո Մատյանի կատարած որմնաքանդակները: Սակայն այստեղ ևս Աստված է Ադամին ու Եվային արտաքսում դրախտից: Պրագայի Ս. Վիտա վանքում պահպանվել են XIV-XV դդ. լատիներեն Աստվածաշնչեր, որոնց Ծննդոց գրքերի արարչագործական պատկերներն ունեն իտալական ծագում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Ղրիմի հայ նկարիչներն օգտվել են թե՛ հունական, թե՛ իտալական օրինակներից:

Պատկերագրության չորրորդ տարբերակն առաջին անգամ հանդիպում է 1619 թ. Լվովում ընդօրինակված Ղազար Բաբերդացու Աստվածաշնչում: Այստեղ ամբողջ հորինվածքը տեղավորված է մեկ էջի վրա, հորիզոնական և ուղղահայաց գծերով բաժանված չորս հավասար հատվածների: Պատկերների այդպիսի դասավորության հանդիպում ենք XI դ. իտալական արվեստում, օրինակ, Պարմայի պալատական գրադարանի ավետարաններից մեկում: Նման ձևավորում հայկական ձեռագրերում կիրառվել է XIV դ. գրչության տարբեր կենտրոններում: Բաբերդացու Աստվածաշնչում արարչագործությունը ներկայացված է հետևյալ տարբերակով. աշխարհաստեղծման առաջին չորս օրը, Ադամն ու Եվան դրախտում, մեղսագործություն, Նոյի տապանը: Այս Աստվածաշունչն ընդօրինակված է եվրոպական մի օրինակից, իսկ վերջինիս նախատիպը համարվում է Մայնց քաղաքում 1609 թ. հրատարակված Աստվածաշունչը, որի մանրանկարների հեղինակն է Թեոդոլ դ՝ Բրայը: Բաբերդացու ձեռագրից կատարված ընդօրինակությունների հանդիպում ենք Նոր Ջուղայի XVII դ. Աստվածաշնչերում:

Արարչագործության հինգերորդ տարբերակը հանդիպում է Էջմիածնում ընդօրինակված 1686 թ. Աստվածաշնչում, որի ծաղկողներն են Մարկոս Պատկերահանը և Մաղաքիա Կոստանդնուպոլսեցին: Այս ձեռագրի Ծննդոց գրքի պատկերագրությունը այլ հորինվածք ու ձևավորում ունի: Երկու էջերում առանձին շրջանակների մեջ տեղավորված վեց նկարները չեն կրկնվում նախորդ տարբերակներից և ոչ մեկում: Առաջին հինգ պատկերներում ներկայացված է արարչագործության հինգ օրը, իսկ վերջինում՝ միայն Ադամի ու Եվայի ստեղծումը: Պատկերման այս եղանակը մեզ հանդիպած միակ օրինակն է, որի նախագաղափարը եղել է Ոսկան Երևանցու 1666թ. Ամստերդամում հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը:

Արարչագործության շարքի մանրանկարներ են պահպանվել Մատենադարանում պահվող Օխուի ավետարանում (ՄՄ 10908): Ավետարանը սկսվում է ութ մանրանկարներով, որոնք ներկայացնում են «Արարչագործությունը»: Յուրաքանչյուր պատկերի վերնամասում պատկերված է Հայր Աստվածը՝ լուսապսակով, երևացող մեկ ականջով, ունի երկարավուն, մոնղոլական աչքեր, բեղեր և մորուք, երկար, ուղիղ քիթ: Ստորին հատվածում պատկերված է աշխարհի ստեղծման դրվագները՝ ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի արարումը, երկնակամարի առաջացումը՝ հրեշտակներով, ինչպես նաև մարդու արարումը:

Օխուի ավետարանի «Մեղսագործություն» պատկերում Ադամն ու Եվան պատկերված են կիսամերկ՝ արգելված պտուղը ճաշակելիս: Եվայի ձախ կողմում օձն է: Դրախտի ծառը պատկերված է գեղեցիկ, նախշազարդ ծաղիկներով: Գունային երանգներից են բաց կանաչը, դեղինը, բաց և մուգ շագանակագույնը, նարնջագույնին նմանվող կարմիրը, կապույտը:

Այս ավետարանի արարչագործական շարքի մանրանկարներից մեկը պատկերում է Հայր Աստծու հանգիստը աշխարհի արարման յոթերորդ օրը: Զբաղեցնելով ողջ էջը՝ երեք քառորդ չափով թեք դիրքով նստած է Հայր Աստվածը՝ կիսանդրու ձևով, աջ ձեռքով օրհնող ժեստ անելիս: Գլխին գեղեցիկ լուսապսակ է, որն իր հերթին շրջապատված է ևս մեկով՝ ծաղկանման կամ արև խորհրդանշող, իսկ խորքում աստղեր և բուսական տարրեր են: Հաջորդ մանրանկարը հանդիպակաց էջում կրկին Հայր Աստծու պատկերն է՝ կարծես իր ստեղծած աշխարհի վրա երկնքից թագավորելիս: Պատկերված է «Դուռն արքայութեան» տեսարանը: Նկարի վերին հատվածում Հայր Աստվածն է, իսկ ներքևում՝ հավանաբար քրիստոնեական եկեղեցու հաստատումը. պատկերված է գմբեթավոր եռանավ եկեղեցի, խորանի վարագույրը, որի վերևում այն հովանավորող Հայր Աստվածն է:

Օխուի ավետարանը սերտ առնչություններ ունի XVI-XVII դ. հայ մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ: Ջուղայեցու՝ Մանչեսթրի № 20 ձեռագրում ևս մանրանկարների շարքը սկսվում է Արարչագործության պատկերներով, որտեղ կրկին երկմաս կամ եռամաս բաժանումներ են: Վերին հատվածում՝ կամարի ներքո, Հայր Աստծու պատկերն է՝ լուսապսակով, երեք քառորդ չափով թեք դեմքով, երկարավուն, իսկ ներքևում՝ աշխարհի արարման տեսարանները: «Ստեղծումն Եվայի» մանրանկարում քնած Ադամի կողոսկրից

ստեղծվում է Եվան՝ հրեշտակների, Աստծու օրհնող Աջի և աստվածային լույսի ներկայությամբ: Եվ այս ամենը ուղեկցվում է մակագրություններով: Ուշագրավ է Հիսուսի գույնզգույն հագուստը և հատկապես նրա տաբատը, որը հագել է պարեգոտի տակից:

Տաբատով պատկերված Հիսուսի կերպարը հայկական մանրանկարչության մեջ բացառիկ է:

Հակոբ Ջուղայեցին ՄՄ 9691 ձեռագրում «Եվայի ստեղծումը», ինչպես նաև Ծննդոց ցիկլի մյուս տեսարանները, պատկերել է Ահեղ դատաստանից հետո՝ մանրանկարների վերջում, ի տարբերություն Օխուի ավետարանի, որտեղ դրանք արարչագործությունից հետո են, այսինքն՝ մանրանկարների սկզբում: Ջուղայեցու մոտ ևս տեսնում ենք Հիսուսի կերպարը Հայր Աստծու դերում՝ ձեռքերի նույն դիրքով՝ մեկով բռնել է Եվայի արմունկից, մյուսով օրհնում է: Նմանություններ կան նաև Եվայի կիսանդրու, Ադամի քնած դիրքի մեջ, բայց վերջինս պատկերված է հագուստով: ՄՄ 9691 ձեռագրի մանրանկարում՝ ձախ վերին անկյունում, տեսնում ենք նաև երկնքի սեգմենտից դուրս եկող երեք հրեշտակների գլուխներն ու թևերը, իսկ աջ անկյունում կրկին Աստծու լույսն է, որ իջնում է Հիսուսի և Եվայի վրա: Երկինքը գունավոր գնդիկներով է պատկերված, որ կրկնվում է երկու ձեռագրերում էլ: Նրանում կարելի է տեսնել Աստծու աջը: Ջուղայեցու ավետարանում շատ հարուստ և ճոխ մանրանկարչություն է՝ լցված բույսերով և զարդերով, հագեցած և՛ գունային, և՛ կառուցվածքային առումով, ետնախորքն ամբողջապես պատված է բրոնզով:

Մանրանկարիչ Զաքարիա Ավանցու նկարազարդած 1595թ. ՄՄ 2804 ավետարանում մանրանկարների շարքը սկսում է «Ծննդոց» գրքից՝ արարչագործության պատկերներով: Դրանք յոթն են՝ առկա բացատրական գրություններով, և ներկայացնում են աշխարհի ստեղծումը ըստ արարչագործության յոթ օրերի: Զաքարիա Ավանցին արարչագործության շարքի տեսարանները (թթ. 4բ-6բ) պատկերել է խորանատիպ մանրանկարչական կառույցների մեջ, որոնք վերից վար ունեն երկմաս կամ եռամաս բաժանում: Դրանց վերնամասը աստվածության ոլորտն է, իսկ ստորինը՝ բուն արարչագործության: Բոլոր մանրանկարներում կենտրոնականը Հայր Աստծու պատկերն է, ում Զաքարիան ներկայացնում է Քրիստոսի կերպարանքով՝ անմորուս, ծալապատիկ նստած կամ կիսանդրի: Ստորին մասում բուսական ու կենդանական աշխարհի և Ադամի արարումն է: Մարդը գերադասն է և իշխանը ողջ կենդանական աշխարհի: Ավետարանում Ադամի՝ իբրև գերադաս էակի ստեղծումը, պատկերի վերևում է, իսկ ներքևում՝ կենդանական աշխարհն է՝ իր ողջ բազմազանությամբ: Ադամը պատկերված է հագուստով: Հայր Աստծու պատկերը իշխող դիրք ունի իր ստեղծած աշխարհի վրա:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում