ԲՀԿ-ականներին հրահանգված է զուսպ լինել

Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատել կառավարության եւ վարչապետի գործունեությունը: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են դարձել: Ավելին, մեր տեղեկությունենրով, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա’ զուսպ արտահայտվել: Երեկ Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց’ ի՞նչ է մտածում մամուլի այն հրապարակումների մասին, համաձայն որոնց, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերեր են ու բանկային հաշիվներ ունեն օֆշորային գոտում: «Ինչպես շատ երկրներ, մենք էլ պիտի ունենանք օրենք պետական չինովնիկների կամ գործիչների ունեցվածքը կարգավորել-կանոնակարգելու մասին: Որպեսզի նրանք իրենց ֆինանսական միջոցները պահեն Հայաստանում, իսկ դրսում եղածի մասին դեկլարացիա ներկայացնեն: Սա օրենքով պետք է կարգավորել»,- նման պատասխան տվեց ԲՀԿ-ական պատգամավորը’ հավելելով, որ գործն իրավապահների դաշտում է եւ նրանք պետք է զբաղվեն»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում