«Փաստ». Երբ մսխվում են սեփական հեղինակությունն ու վարկանիշը

«Փաստ». Երբ մսխվում են սեփական հեղինակությունն ու վարկանիշը

«Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարա­գայում տվել են «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության վարչության անդա­մի համեստ կարգավիճակ:

Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչա­կան ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տո­տալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակ­ցությունն իջեցնում են կուսակցության առաջնորդի կարգավիճակին: Իհարկե, սա մանիպուլյացիա է, ու դա արդեն գիտակցում են բոլորը, որովհետև Փաշինյանին Աբովյանում ուղեկցել են պետական մեքենաներ ու պաշտոնյաներ, թիկնազոր, մի խոսքով՝ հա­սարակության վրա ներգործություն է ունե­նում ոչ միայն վարչապետի քաղաքական հեղինակությունը, այլ նաև պետական հա­մակարգը՝ իր ողջ ուժով:

Շատերի այն փաստարկը, թե վարչապետը նաև կուսակցության առաջնորդ է ու նպաստում է իր թիմի հաջողություններին, մեղմ ասած, համարժեք չէ: Նախ՝ ֆորմալ առումով վարչապետն իր կուսակցության ղե­կավարը չէ, մյուս կողմից՝ այս պնդումը մի­անգամայն համարժեք է խորհրդարանական ընտրությունների պարագայում:

Տեղական ընտրություններն ունեն իրենց առանձնա­հատկությունները, որոնց կուսակցություն­ները, անշուշտ, պետք է մասնակցեն, սա­կայն համայնքի մակարդակում իրենց ծրագրերը լոկալացնելու, իրացնելու նպատակով:

Հայաստանում գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որտեղ գործադիր իշխանությունը, ինչպես նախկինում, ուղղակի միջամտում է տեղական ընտրական գործըն­թացին՝ չունենալով դրա քաղաքական, իրա­վական հիմքերը:

Այն մարդիկ, ովքեր բերում են կայացած արևմտյան երկրների փորձը, թող բարի լի­նեն և իրապես ուսումնասիրեն դրանց քա­ղաքական համակարգերը՝ իրենց առանձնահատկություններով:

Ոչ մի կայացած ժողովրդավարական մոդելում կառավարող կուսակցությունը իշխանության կցորդը չէ կամ լիդերի ինքնադրսևորման հարթակ չէ: Հայաստանում գոյություն չունի ՔՊ կուսակցություն՝ որպես ինքնաբավ քաղաքական ուժ. դրա շարքերում կա մեկ խարիզմատիկ գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է:

Հայաստանում գոյություն չունի կառավարության որպես միասնական քաղաքական տեխնոկրատների թիմ, անձնիշխանություն, որի խորհրդանիշը Նիկոլ Փաշինյանն է: Խորհրդարանը ձևավորվել է օրինակարգ ընտրությունների արդյունքում, սակայն ինստիտուցիոնալ առումով կայացած չէ ու չի կարող կատարել իր ներկայացուցչական վերահսկողական ֆունկցիան, որովհետև 88 մարդ մանդատ է ստացել բացառապես Փաշինյանի հաշվին:

Այն, ինչ հեղափոխությունից հետո է տարվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, պարզապես նոնսենս է՝ քաղաքական տեսանկյունից: Խոշոր քաղաքներում ընտրությունների ժամանակ պայքարը չի գնում թեկնածուների ու նրանց ծրագրերի միջև, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը՝ իր բարձր վարկանիշի շնորհիվ «կերտելով» հարթակ քաղաքապետին, որը, ըստ էության, ոչ ՏԻՄ ղեկավար է՝ իր ինքնուրույնությամբ համայնքին հաշվետու լինելու պարտավորությամբ, այլ ընդամենը Փաշինյանի տեղապահը այս կամ այն քաղաքում»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում