Արցախի ԱԳՆ-ն հանդիպումներ է ունեցել Բրյուսելում

Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ՝ այդ թվում Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի հետ և Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտգործանախարարության մամուլի ծառայությունից: 

Հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետների փոխանակում: Քննարկվել են նաև եվրախորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցի արդյունքները:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն է արտահայտել նման կապերի շարունակման և խորացման մեջ:

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում