ՀՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է. Էդուարդ Շարմազանովը` Ռուբեն Հակոբյանին

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ինչպես նախորդ նիստերին, այսօր ևս բարձրացրել է հայ-թուրքական արձանագրությունների՝ խորհրդարանի մեծ օրակարգից հանելու հարցը։

Ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը գտնվում է ՀՀ Նախագահի լիազորությունների շրջանակում, և Սերժ Սարգսյանի դիրքորոշումը դեռևս չի փոխվել։

«Այն, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են գտնվել հինգերորդ գումարման խորհրդարանի օրակարգում, նշանակում է, որ մենք դեռևս չենք գիտակցում, որ անկախ երկրի խորհրդարան ունենք։ Հաշվի առնելով մեր արժանապատվությունը՝ ես կարծում եմ, որ օր առաջ այդ խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դրա նախաձեռնողը պետք է լինի ՀՀԿ-ն, եթե նա դիտարկում է իրեն որպես կուսակցություն, որը ներկայացնում է անկախ պետություն։ Սա ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»,-Ayosr.am-ի փոխանցմամբ` ի պատասխան ԱԺ նախագահի՝ ասալ է Զ. Փոստանջյանը, կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը՝ քննարկման արդյունքում հանել արձանագրությունները խորհրդարանի օրակարգից:

«Շնորհակալություն հորդորների համար, մենք ինքներս կորոշենք»,- արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ միջամտել է, թե սա լրջագույն հարց է, հատկապես, եթե հաշվի առնենք՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված միջազգային կարծիքը փոփոխություն է կրել:

Է. Շարմազանովն էլ նշել  է, թե ՀՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում