Վարչապետի՝ Վիետնամ և Սինգապուր այցերն այդքան էլ արդյունավետ չէին պետական շահի տեսանկյունից. Հասմիկ Վարդանյան

Վարչապետի՝ Վիետնամ և Սինգապուր այցերն այդքան էլ արդյունավետ չէին պետական շահի տեսանկյունից. Հասմիկ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 4-6-ը կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ, իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուր: Վարչապետի ասիական այս մինի շրջագայության արդյունքները Times.am-ը ամփոփել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Վարչապետի այս երկու այցերի արդյունքներին օբյեկտիվ գնահատական տալու համար նախ պետք է հասկանալ թե ի՞նչ խնդիրներ են ցանկացել լուծել ՀՀ իշխանությունները, ո՞րն էր այս պահին այդ այցերի անհրաժեշտությունը: Այցերը լուսաբանող պաշտոնական լրահոսը որևէ կերպ չի պատասխանում այս հարցերին: Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր բավականին ներկայացուցչական պատվիրակություն, սակայն, որպես տեսանելի արդյունք մենք ունենք Հայաստանի և Վիետնամի կառավարությունների միջև Կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում և պայմանավորվածություն աշնանը Երևանում անցկացնել երկու երկրների միջև միջկառավարական խորհրդի առաջին նիստ և բիզնես համաժողով:

Սինգապուրի դեպքում ունենք փոխըմբռնման հուշագիր զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին, փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի միջև: Որպես Սինգապուր այցի լուրջ ձեռքբերում է ներկայացվում երկու երկրների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրումը, սակայն սա ուղղակի մանիպուլյացիա է, եթե մենք հստակ պայմանավորվածություն չենք ձեռբերել Սինգապուրի հետ տնտեսական համագործակցությունն էապես զարգացնելու ուղղությամբ, քանի որ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի պայմաններում համաձայնագիրը մեծ հաշվով ոչինչ չի տալիս մեզ: Իսկ եթե կան նման պայմանավորվածություններ՝ հարց է առանջանում՝ թե ինչու այդ մասին չի բարձրաձայնվում», – նշեց փորձագետը:

Փորձագետի կարծիքով` այցի արդյունավետությունը պետք է դիտարկել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ԵԱՏՄ օրակարգում առաջընթաց ապահովելու տեսանկյունից: «Այժմ Սինգապուրը և Վիետնամը բանակցություններ են վարում ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ: Թվում էր, որ և՛ Վիետնամում, և՛ Սինգապուրում այս թեմայի քննարկումներում մեծ տեղ է զբաղեցնելու հանդիպումների օրակարգում՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն այժմ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է: Սակայն այստեղ ևս, ինչպես կարելի է ենթադրել պաշտոնական լրահոսից, մենք էական պայմանավորվածություններ չունենք, որոնք կարելի կլիներ հանրայնացնել, ներկայացնել ԵԱՏՄ գործընկերներին», – նշեց Հասմիկ Վարդանյանը:

Փորձագետի կարծիքով՝ Վիետնամ և Սինգապուր այցերը ստացվել են ճանաչողական, և այս իմաստով կարելի է դրական գնահատել այցերի արդյունքները: «Այցերի նման բնույթի մասին վկայում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար տեսանելի էական պայմանավորվածությունների բացակայությունը, այլև կողմերի հայտարարություններն երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու մասին: Ընդ որում, այցից ակնկալիքները հենց այդպիսին էլ եղել են և, ըստ էության, դրանով էր պայմանավորված ԱԳ նախարարի՝ պատվիրակությունում չլինելը՝ չնայած նախապես հայտարարված էր, որ լինելու է», – նշեց Հասմիկ Վարդանյանը՝ հավելելով, որ իրականում ճանաչողական այցերը ևս կարևոր են, սակայն մեր նման փոքր բյուջե ունեցող երկրների համար դրանք պետք է լինեն արդարացված պետական շահերի, այլ ոչ թե զբոսաշրջային նախասիրությունների տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում