Զոդի կամրջի ավտովթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է

Զոդի կամրջի ավտովթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է:

Շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով վերջինս վիրահատվել էր և, բժիշկների խոսքով, վիրահատությունը հաջող էր անցել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով. վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում