Նեղություններ
Նմանատիպ
Օրհնություն տրտունջի փոխարեն
Երբ մարդը դժվարության կամ թշվառության մեջ է, նրա վիճակն ավելի է վատացնում անընդհատ տրտնջալը: Հովհան Ոսկեբերանն այսպես է ասում. «Ինչպես շունն է սեղանի մոտ, երբ պատառ ես գցում, մնում է և սպասում, որ էլի տաս ու չի գնում, այդպես էլ սատանան է միշտ կանգնում մեր առաջ բաց բերանով: Եթե աստվածանարգ, հայհոյող ու տրտունջ պարունակող բառ գցես, դա բռնելով նորից կգա, բայց եթե միշտ գոհություն մատուցես Աստծուն, քաղցի կմատնես նրան և կստիպես փախչել»: «Չե՞ս կարող լռել,- խորհուրդ է տալիս Հովհան Ոսկեբերանը,- ասա, բայց ոչ հայհոյանք, այլ շնորհակալություն, տրտունջի փոխարեն` օրհնություն: Աղաղակիր Տիրոջը, գոչիր` Նրան փառաբանելով: Դրանից նաև տանջանքդ կթեթևանա, քանի որ երախտագիտության հետևանքով սատանան կփախչի, իսկ Աստծո օգնությունը արագ կհասնի քեզ»: Մեզ համար շատ ուսուցանող են Հոբի, Աբրահամի, Հովսեփի օրինակները, ովքեր մի որոշ ժամանակ ահավոր աղքատության ու թշվառության մեջ ապրեցին, բայց քանի որ նույնիսկ նեղությունների մեջ օրհնում էին Աստծուն, ապա ի վերջո կարողացան Աստծո օգնությամբ դուրս գալ նեղություններից և ապրել խաղաղ ու փառավոր: Դուք ևս ապրեք այնպես, ինչպես Աստված է պատվիրել, և կտեսնեք, թե ինչպես է աստվածային օրհնությունը լցվում ձեր սրտերից և ձեր ընտանեկան հարկից ներս:
Մեծ զոհողությունների մասին
Քրիստոնեական սրբերից Յուղիտան այրի, բարեպաշտ կին էր, որը քրիստոնյա լինելու համար մահվան է դատապարտվում: Մինչ տանջում էին այս կնոջը, նրա փոքրիկ որդին` Կիրակոսը, որին դատավորն իր գիրկն էր առել, կրկնում է, որ ինքն էլ է քրիստոնյա: Դատավորը զայրանալով` երեխային ցած է նետում աստիճանների վրա: Երեխան մահանում է: Մայրը, սա տեսնելով, ուրախանում է:
Մեզ այսօր զարմանք է պատճառում որդու մահվան համար ուրախացող այս մայրը: Ճիշտ է, իբրև կին, իբրև որդուն անսահմանորեն սիրող մայր, նրա սիրտը պատռվում էր ցավից, սակայն իբրև մեծ հավատ ունեցող մարդ, Յուղիտան ուրախանում է նրա համար, որ իր որդին իրենից առաջ ընդունեց մարտիրոսության պսակը` ցույց տալով իր սերը Աստծո հանդեպ և արժանանալով հավիտենական երանելի կյանքի: Այս ամենն ավելի լավ հասկանալու համար մեծ հավատք է պետք, ինչին բոլորս էլ պետք է ձգտենք:
Նեղության օգտակարությունը
Մենք հավատացյալ ժողովուրդ ենք եղել և ենք, սակայն մեր պատմության ընթացքում մենք հաճախ ավելի շատ փորձությունների ենք ենթարկվել, քան այլ հեթանոս ազգեր, որոնք տիրողի և թագավորողի դիրքում են եղել: Եվ սա կարելի է ասել նաև մարդկանց մասին առանձին վերցրած: Ո՞րն է սրա պատճառը: Երբ այս մասին հարցնում են մի փորձառու հավատացյալի, նա ասում է. «Տեսե՞լ եք, թե ինչպես է որսորդը թռչուններ որսում: Որոնք արդեն սպանված ընկած են, նրանց այլևս ձեռք չի տալիս, անցնում է նրանց կողքով, որովհետև գիտի որ իրենն են, և ընկնում է կենդանի թռչունների ետևից: Ահա այդպես էլ սատանան երբեք չի պատերազմում մեղքի մեջ կորածների, անհավատների հետ, որովհետև գիտի, որ իրենն են, և տարբեր փորձություններով պատերազմում է հավատացյալների դեմ` նրանց հոգիները կորստյան մատնելու համար»: Աստված, սակայն, սատանայի գայթակղություններն ու նեղությունները փոխակերպում է մարդկանց համար օգտակար փորձության, որպեսզի մարդկանց հայացքը դեպի երկինք դարձնի: Սա է ցույց տալիս նաև բնության օրինակը: Եթե դաշտում միայն արև լինի, ապա ցանված սերմերը կփչանան, որովհետև անձրև է պետք: Եթե անընդհատ միայն անձրև լինի, սերմերը կփտեն, որովհետև նաև քամի է պետք: Այսպես էլ մարդուն այս ամենն օգտակար է լինում, որովհետև մարդը փոփոխական է:
Նեղությունից լիություն
Շատ սրբերի վարքից տեսնում ենք, որ նրանք մատնվել են ահավոր տանջանքների: Այսօր էլ բազմաթիվ մարդիկ նյութական կամ այլ տեսակի նեղությունների մեջ են: Աստվածաշունչն ասում է. «Աստված ում սիրում է, խրատում է» (Եբր. 12.6): Իհարկե, այս խոսքը ոմանց կարող է վրդովեցնել, որովհետև մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեզ հետ միայն լավը լինի, մանավանդ եթե Աստծուն սիրում ենք և հավատարիմ ենք, ապա սպասում ենք միայն Նրա պարգևներին: Եվ այս իմաստով ինչ-որ տեղ ընդունելի չէ, որ Աստված մեզ պետք է խրատի դժվարություններով: Սակայն մարդ-Աստված հարաբերությունները դիտենք հայր-որդի հարաբերությունների միջով, որպեսզի ավելի լավ հասկանանք աստվածային մտադրությունը: Երբ հայրը կամ մայրը սիրում են իրենց երեխային, ապա ցանկանում են, որ նա մեծանա խելացի և դաստիարակված: Եվ եթե երեխան որևէ անպատեհ բան է անում, ծնողները զայրանում են և ծայրահեղ դեպքում հարվածում` երեխային արատից զերծ պահելու համար: Եվ հակառակը, երբ ծնողներն անտարբեր են երեխայի նկատմամբ կամ շատ են զբաղված և երեխայով հետաքրքրվելու ժամանակ չունեն, ապա չեն պատժում, չեն զայրանում, փոքրիկը դրանից օգտվելով բավարարում է իր բոլոր քմահաճույքներն ու արդյունքում ձևավորվում է թերի մարդ` բոլոր առումներով: Այսինքն` սահմանափակումներ և զրկանքներ դնելը օգտակար է հենց մարդու համար: Ոմանք դժգոհում են, որ ճոխությամբ չեն ապրում: Սակայն նույն կերպ էլ այգեգործը թույլ չի տալիս, որ ծառը փարթամությամբ աճի, այլ գարնանը կամ երբեմն աշնանը էտում է ծառի ճյուղերը, որպեսզի այն առողջ լինի, շատ բերք տա և երկար ապրի: Ճիշտ նույն կերպ էլ Աստված որոշ զրկանքներով մարդուն կատարելության է հասցնում և հետո բարիքներ տալիս` վայելելու: Հիշենք, որ նույնպիսի տանջանքների մեջ էր նաև Հոբը: Աբրահամը, որ հարուստ էր, տարածված սովի պատճառով երբեմն քաղցած շրջում էր Եգիպտոսով (Ծննդ. 12.10), նույն կերպ էլ Հակոբը, Հովսեփը և Դավիթը երկար օրեր պանդխտության ու նեղության մեջ էին (Ծննդ. գլ. 29-30, 39-40, Բ Թագ. 15.14-37, 16.1-14): Սակայն նրանք բոլորն էլ նեղություններից ու վշտերից հետո մեծամեծ բարիքների և երջանկության հասան: Քրիստոս շատ պարզ ասում է. «Հոգ մի՛ արեք, ձեր հոգու համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛ նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք: Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.25, 33): Գուցե մեր բոլոր դժվարությունների ու դժբախտությունների պատճառն այն է, որ մենք Երկնքի Արքայությունը թողած այլ բաներ ենք փնտրում: Գուցե ոմանք չեն հավատում, որ այս պատվիրանը իրականացնելու դեպքում հրաշքներ կկատարվեն: Սակայն սա փորձեք բարի հույսով, ամեն պարագայի ձեզ համար առաջին տեղում համարելով միայն Աստծուն, և կտեսնեք, որ հրաշքները միայն հեքիաթներում չէ, որ դառնում են գեղեցիկ իրականություն:
Նեղության տեսակները
Երբեմն մենք ասում ենք, որ Աստված թույլ է տալիս մեղավոր մարդկանց ընկնելը նեղությունների մեջ` նրանց խրատելու համար: Սակայն սրբերն ինչո՞ւ չարչարվեցին, եթե բազում մարդկանցից ավելի արդար էին: Մենք հաճախ չարչարվում ենք, որպեսզի մեղքերից սրբվենք, իսկ սրբերը չարչարվում էին, որպեսզի արդարություն և պսակ ընդունեն, նաև այդ չարչարանքների միջոցով հայտնի էր դառնում նրանց մեծագույն սերը Աստծո հանդեպ: Եթե ոմանք նեղությունների մեջ են, թող չվհատվեն և չկարծեն, թե Աստված իրենց մոռացել կամ անտեսում է: Նեղությունները լինում են երկու տեսակի` հավատացյալների նեղություն և անհավատների: Հավատացյալների նեղությունը հույսով է և համբերությամբ, իսկ անհավատներինը` հուսահատությամբ: Հավատացյալների նեղության վախճանը հանգիստ է և փառք, ըստ այն խոսքի, որ եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին (Հռոմ. 8.17): Մխիթարվելու համար հիշենք Հովսեփին, ով բանտ նետվելով` հույսով և համբերությամբ կրեց բոլոր նեղությունները և վերջում հասավ մեծ փառքի և հանգիստ ու խաղաղ վիճակի: Մինչդեռ անհավատների նեղության դեպքում հանգիստ և փառք չկա:
Լուսավորչի օրինակով
Խոր Վիրապից դուրս գալով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քարոզեց քրիստոնեությունը և ծանր պարտականություններ չդրեց նորադարձ ժողովրդի վրա, այլ մեղմությամբ խրատեց և իր հատկանշական բացատրությունները տվեց հավատքի վերաբերյալ: Աստված ստեղծեց հրեշտակներին և մարդկանց՝ անձնիշխան կամքով, որով այս արարածներն իրենց կամքով կարող են հրաժարվել Աստծո կամքի իրագործումից: Հրեշտակների համար մեծ պայման դրվեց Աստծո կողմից`Տիրոջն ուղղված անդադար փառաբանությունը, ինչպես Եսայի մարգարեի տեսիլքից է նաև հայտնի դառնում (6.3), և որը հիշում ենք Սուրբ Պատարագի երգեցողության մեջ. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով»:
Հայտնության գրքում ևս նշվում է հրեշտակների կողմից այս անդադար փառաբանության մասին (Հայտն. 7.11): Սակայն մարդկանց համար Աստված փոքր պայման դրեց` չուտել ծառի պտղից, այսինքն` Աստծո կամքին հակառակ չգնալ: Մենք պետք է պահենք այս պատվիրանը` Աստծո կամքին հակառակ չվարվելը, որովհետև այլ ընթացքը բերում է հոգևոր և նյութական վնասներ, ինչպես որ առաջին մարդիկ զրկվեցին Աստծո անմիջական ներկայությունը վայելելուց և իրենց հատկացված հիանալի դրախտից:
Ոմանք բողոքում են, թե Աստվածաշնչում շատ պատվիրաններ կան, որոնք դժվար է հիշել, էլ ուր մնաց թե կատարել: Սակայն Քրիստոս Իր կենարար վարդապետությամբ ցույց տվեց, որ այդ բոլոր պատվիրաններն ամփոփվում են ընդամենը մեկ պատվիրանի մեջ, այն է` սիրեցեք միմյանց: Եվ Գրիգոր Լուսավորիչը, հակառակ իրեն հասցված տանջանքների ու փորձությունների, Աստծո կողմից պատվիրված այդ սիրով կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները, քրիստոնյա դարձրեց հայ ժողովրդին: Եվ Լուսավորչի օրինակով մենք էլ, թեկուզ երբեմն ունենում ենք նեղություններ, փորձենք ամեն պարագայի սեր սերմանել մեզ շրջապատող անձերի հոգիներում:
Կյանքից էլ ավելի
Հակոբոս Տեառնեղբայրը (Տիրոջ եղբայրը) եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և նահատակվել հանուն Քրիստոսի: Այս սրբի օրինակը մեզ սովորեցնում է, որ հանուն Աստծո պետք է պատրաստակամ լինենք զրկվելու անգամ կյանքից, ինչպես որ Քրիստոս Իր կյանքը տվեց մեզ համար: Շատերին նման զոհաբերությունն անհասկանալի է թվում, բայց կյանքում էլ լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց սիրելիների համար անհրաժեշտության դեպքում կյանքն էլ են տալիս: Եվ եթե այդպիսին է մեր վերաբերմունքը մեզ նման մարդկանց նկատամբ, ապա որքան առավել պետք է լինի Աստծո նկատմամբ:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում