«Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար»

«Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար»

Թումանյանի ու Տիգրանյանի «Անուշը»՝ այլ մեկնաբանությամբ կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2018թ. վերջերին հայտարարեց մրցույթ՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրություն իրականացնելու համար։ Թատրոնի կայքից տեղեկանում ենք, որ ռեժիսորի բեմադրության գաղափարը պետք է արտացոլի ստեղծագործական համագործակցություն եւ դինամիկա՝ տեքստային, պարտիտուրային եւ բեմականացման առումով հարազատ մնալով բնագրին: Պարտադիր կետերից մեկի պահանջն է՝ ներկայացնել բեմադրության դեկորացիաների եւ հագուստների էսքիզների լուսանկարները: Մոտ մեկ ամիս առաջ ավարտվել է հայտերի ընդունումը: Դիմել է հինգ ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյանը, Սամսոն Մովսեսյանը, Կարեն Ներսիսյանը, Արսեն Ղազարյանն ու Ժիրայր Փափազյանը: «Առավոտը» կապվեց նրանցից 1-2-ի հետ, խնդրելով ներկայացնել իրենց պատկերացրած «Անուշը»: Մինչ այդ, նշենք, որ մրցույթը հայտարարելու պահից մինչ օրս հանդիսականի, նույնիսկ թատերարվեստի ու երաժշտարվեստի որոշ մասնագետներ տարակուսանք են հայտնում՝ «քանի՞ անգամ կարելի է նույն ներկայացումը նույն թատրոնում բեմադրել»։ Մինչդեռ, չգրված օրենքի զորությամբ գործում են երեւույթներ, որոնք բնորոշ են տասնամյակներ կամ հարյուրամյակից ավելի գործող թատրոններին, կամ երկարակյաց թատրոններում «ապրում» են երկարակյաց ներկայացումներ։ Օրինակ, Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում 1922թ. հենց Վախթանգովի կողմից որպես թատերական ինքնատիպ ուղղություն բեմադրվեց Կառլո Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումը։ Այն ոչ միայն դարձավ նոր ստեղծվող թատրոնի հիմնադիր ներկայացում, այլեւ այդ թատրոնի թատերական գեղագիտությունը թելադրող նմուշ։ Տարիներ անց այդ բեմադրությունը պահպանելով հանդերձ, այն՝ նույնաոճ փոփոխություններով 1963թ. հաջողությամբ վերաբեմադրեց Ռուբեն Սիմոնովը: 1991-ին վերականգնեց Գարի Չերնյախովսկին, որը մասնագետների կողմից արժանացավ ոչ հաջողված բեմադրություն որակմանը, թեեւ գոյատեւեց մինչեւ 2006թ.:

Իսկ, օրինակ, Եվրոպայում մի քանի հարյուրամյակ շարունակ Ֆրանսիայում Մոլիերի թատրոնում կամ Անգլիայում՝ Շեքսպիրյան թատրոնում, գրեթե ամբողջությամբ բեմադրվում են միայն Մոլիերի կամ Շեքսպիրի պիեսները միշտ եւ ամենատարբեր մեկնաբանություններով, եւ մեկը՝ Ֆրանսիայի, մյուսը՝ Անգլիայի համար գնահատվում են որպես ազգային բարձրագույն արժեքներ։

Մեր իրականությունը հետ չի մնում երկարակյաց մշակութային նման աշխատաոճից։ Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսը Թիֆլիսում ներկայացվել է դեռեւս 1871թ.։ Դեռ մինչեւ 1922 թվականը, երբ «Պեպոյի» բեմադրությամբ հիմնվեց Հայաստանի Մայր թատրոնը, «Պեպո» ներկայացման հայերեն, ռուսերեն, վրացերեն տարբերակները «շրջել» են Կովկասի, Փոքր Ասիայի եւ Ռուսաստանի բազմաթիվ բեմերում։ Իսկ 1922-ից մինչ օրս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում «Պեպոն» բեմադրվել է 5 անգամ (վերջինը՝ 2016-ին), խաղացանկում է մինչ օրս։

Երկարակյաց ներկայացումների թվին է պատկանում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն առաջին անգամ հատվածաբար ներկայացվել է Թիֆլիսում 1908թ.: Ավելի ուշ Տիգրանյանն իր փոքրիկ թատերախմբի հետ «Անուշով» շրջել է Հայաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի քաղաքներով:

Օպերան Տիգրանյանի ղեկավարությամբ ներկայացվել է 1919թ. Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ Թումանյանի ծննդյան 50-ամյակի առիթով, հետո էլ արտասահմանի բազմաթիվ հայաշատ վայրերում: Մի առիթով Արմեն Տիգրանյանը գրել է՝ «Մի բան պարզ է. հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը: Նա պետք է լինի յուրօրինակ, ազգային եւ մոտ ժողովրդին»:

Առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում Երեւանի օպերային թատրոնում «Անուշը» բեմադրվեց 1935թ. Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով, բեմադրող դիրիժորն էր Սերգեյ Շաթիրյանը: Գուլակյանը 1939թ. Մոսկվայում Հայ գրականության եւ արվեստի առաջին տասնօրյակի առիթով անդրադարձավ «Անուշի» սեփական բեմադրությանը: Իսկ 1945թ. արդեն դիրիժոր Միքայել Թավրիզյանի հետ այսօրվա օպերային թատրոնի շենքում առաջին անգամ ներկայացնելու նպատակով ռեժիսորը դարձյալ «վերադարձավ» «Անուշին»:

Տասը տարի անց՝ 1950-ին, Գուլակյանն ու Թավրիզյանը «Անուշը» «ձեւեցին» Գոհար Գասպարյանի համար: Վեց տարի անց դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի հետ էլ ռեժիսորը Մոսկվայում կայանալիք Հայ գրականության եւ արվեստի երկրորդ տասնամյակի առիթով վերանայեց օպերան: 1969-ին անդեն Վարդան Աճեմյանն ու Օհան Դուրյանը բեմադրեցին իրենց «Անուշը»: Քառորդ դար անց էլ՝ Տիգրան Լեւոնյանը եւ Յուրի Դավթյանը: 2003-ից թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի եւ Յուրի Դավթյանի «Անուշը»:

Կայանալիք «Անուշի» նոր բեմադրությունից հետո էլ գուցե մեկ տարի, կամ տասը, կամ էլ հարյուր տարի անց ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտություն առաջանա նորը բեմադրելու: Մինչ այդ նշենք, որ մեր հարցին ի պատասխան՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ թեեւ մրցույթին ռեժիսորների հայտերի ընդունման վերջնաժամկետը մեկ անգամ երկարաձգվել էր մինչեւ հունիսի 15-ը, սակայն ինքը չի կարող այս պահին ասել, գոնե նոր «Անուշը» մոտավորապես երբ կներկայացվի հանդիսատեսին: Մինչ այդ կկայանա մրցույթը, որի համար ստեղծվել է հանձնախումբ:

Կապվեցինք ռեժիսորներ Նաիրե Ստեփանյանի, Սամսոն Մովսեսյանի եւ Կարեն Ներսիսյանի հետ, խնդրեցինք համառոտ ներկայացնել իրենց «Անուշը»:

Նաիրե Ստեփանյանը, որ օպերային թատրոնում իրականացրել է Պուչինիի «Տոսկա» եւ Բիզեի «Կարմեն» օպերաների բեմադրությունները, հավաստիացրեց, որ իր «Անուշում» պետք է ընդգրկված լինի հայկական վառ կոլորիտը. «Համագործակցելով բեմանկարիչ Ավետիս Բարսեղյանի եւ զգեստների դիզայներ Քրիստինե Ավետիսյանի հետ, ժուրիին ներկայացրել եմ բեմանկարչության եւ կոստյումների մի մասը: Իհարկե, պահպանելով էթնիկականը, բայց ոչ նախկին «Անուշի», ինչին սովոր է հանդիսատեսի աչքը: Համոզված եմ, որ հանդիսատեսը անհամբեր է սպասում նոր բեմադրությանը, ինչը պետք է բնականաբար լինի նոր ընթերցում, բայց անպայման ժամանակակից լուծումներով: Խոսքերով դժվար է ներկայացնել, բայց մեծ հաշվով իմ «Անուշը» սյուրռեալիստական է»:

Սամսոն Մովսիսյանին հանդիսատեսը ծանոթ է Տիկնիկային թատրոնում նրա դրամատիկական ներկայացումներից: Վերջինը «Սասնա ծռերն» է Սունդուկյան թատրոնում: Այս ռեժիսորի խոսքերով, իր մոտեցումն «Անուշին» ազատ է, քանի որ պոեմում գլխավոր անձը բնությունն է, իսկ բնությունը հենց ինքնին ազատություն է. «Անուշի» մահը ընկալվում է որպես ողբերգություն: Դա այդպես չէ: Նա գնում է դեպի բնություն, դեպի հավերժություն… Եվ ներկայացումը ես տեսնում եմ բավականին դինամիկ, ինչպիսին բնությունն է»:

Կարեն Ներսիսյանը նշեց, թե երբեւէ օպերային ներկայացումներ չի բեմադրել, իրականացրել է դրամատիկ եւ տիկնիկային բեմադրություններ Ռուսաստանի քաղաքներում եւ արտասահմանում: Շուրջ վեց ամիս Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն առայժմ ներկայացել է Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետով»: «Անուշի» սեփական պատկերացումների մասին ասաց. «Օպերային բեմադրության մեջ կարեւորը, իհարկե, երաժշտությունն է, իսկ այն իրականացնող առաջին դեմքը՝ դիրիժորը: Ինչպես դրամատիկական ներկայացումներում, այնպես էլ այստեղ անհրաժեշտ է կենդանի, թարմ շունչ, ինչը երբեք նույնացնել չի կարելի, ասենք, ժամանակակից դիզայնով արված կոստյումների հետ:

«Անուշի» հետ կապված համագործակցում եմ ճանաչված սցենոգրաֆ, ՄԽԱՏ-ի սցենոգրաֆիայի դեկան Վիկտոր Շիլկրոտի հետ, որն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել, այդ թվում՝ Մեծ թատրոնում: Ժամանակակից թատրոնում չես կարող փախչել նոր տեխնոլոգիաներ օգտագործելուց: Սա չի նշանակում, թե, ասենք, «Անուշում» շատ հեռու գնալ թումանյանական պոեմի էթնիկ միջավայրից: Ի վերջո, «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում