մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին
Նմանատիպ
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպած «Երաժշտական Հայաստան» և «Երևանի ամառային փորձառություն» ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ հայ երիտասարդների՝ ուղեկցությամբ ծրագրերի ղեկավարների:
Հանդիպմանը «Երևանի փորձառություն» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը ներկայացրեց երիտասարդներին՝ հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նմանատիպ այցելությունների կազմակերպումը դեպի հայրենիք, քանի որ դրանք ազգային ապրումների նորոգման լավագույն առիթ են հանդիսանում տարբեր երկրներում հասակ առած հայորդիների համար: Վեհափառը ընդգծեց, որ մատաղ սերնդին ազգային և հոգևոր արժեքներով կրթելու և դաստիարակելու շնորհիվ է, որ սփյուռքում ապրող հայորդիների մտքում ստեղծվում է հայրենիքի մի պատկեր, որն էլ խթան է հանդիսանում Հայաստան այցելելու համար:
Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն այսպիսի ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակներում սփյուռքի երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու Հայաստանին, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական փորձառություն զանազան հաստատություններում և կառույցներում:
Անդրադառնալով հայապահպանության խնդիրներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը երիտասարդներին պատգամեց երբեք չդադարել պայքարել, հավատալ և արարել՝ հորդորելով յուրաքանչյուրին իր երկիր վերադարձին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ Հայրենիքի առաջընթացին:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին՝ սփյուռքի հայկական համայնքների զանազան խնդիրների, հոգևոր կյանքի և Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում