«Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընթերցասերներին է ներկայացվում երիտասարդ գրող Հաս Չախալյանի «Իմ ու իմ միջև» խորագրով առաջին գիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նախատեսված է Հաս Չախալյանի գրքի շնորհանդեսը: Հաս Չախալյանը ստեղծագործում է ինչպես չափածո այնպես էլ արձակ, սակայն «Իմ ու իմ միջև» գրքում տեղ են գտել նրա չափածո ստեղծագործությունները:
«Ես ստեղծագործում եմ 8 տարեկանից, սակայն գրքում տեղ են գտել վերջին տարիների ստեղծագործությունները: Ընտրությունը կատարել ենք խմբագիր Արմեն Ավանեսյանի հետ: Իմ ստեղծագործությունները երևացել են ոչ միայն էլեկտրոնային հարթակներում, այլև գրական մամուլում: Իմ գիրքը դրսից դիտակետ է դեպի մեր իրականություն»,-ասաց Հաս Չախալյանը:
«Իմ ու իմ միջև» գիրքն ունի «Երկիրն ու երկրիս», «Երևանյան էսքիզներ», «Գյուղ», «Արևելյան Էսքիզներ», «Ադամ», «Կին» և «Լռության էսքիզներ» բաժինները:
«Գրքում պատմում եմ իմ հոգեվիճակի մասին, ներկայացնում եմ ներսի ու դրսի աշխարհների, երազանքի, վախի, ցավի բախումը: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր անկյունը, որովհետև փորձել եմ գրքում դնելով իմը, իմ ապրածը, նաև ստեղծել միասնություն, տարածություն բոլորի համար»,-ասաց Հաս Չախալյանը:
Երիտասարդ գրողը վերջին մի քանի տարին գտնվում է Հայաստանից դուրս, բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Արևելյան Էսքիզներ» բաժնում տեղ գտած ստեղծագործությունները արտացոլում են այնտեղ ապրելու ընթացքում ստացած տպավորությունները:
«Ես կարողացել եմ ստանալ արևելյան մոտիվներով պատկերներ, փորձել եմ Արևելքի գեղեցկությունը ներկայացնել: Դուք կարող եք իմ ստեղծագործություններում անապատի պատկերներ գտել, ներկայացրել եմ կնոջ խոնարհությունն առ Աստված, ինչպես նաև անհնազանդությունը: Չէ որ կան կանայք ովքեր չեն ցանկանում կրել գլխաշորեր, կարծես սահմանափակում են տեսնում դրանում: Ահա իմ զգացածը, իմ տեսածը ներկայացրել եմ ստեղծագործություններով», – ասաց Հաս Չախալյանը:
Նա տարվա մեջ մեկ անգամ լինում է Հայաստանում, երկրում փոփոխությունները նրան տեսանել են: Չախալյանը հասարակության շրջանում զգացել է ավելի լավ տրամադրվածություն ապագայի հանդեպ, ավելի ազատ, անկաշկանդ մթնոլորտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում