«168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել

«168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել

«Պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչու է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, և այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

Նրանց վերադասը համարվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը, ևս մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է, իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերևս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունն այսօր հակառակ կողմից հրապարակայնորեն հասել է արչապետին, «անարդյունավետ աշխատող» պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն իրենց ներկայացնելով որպես իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ սորոսական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի, այլ բանով մինչ օրս աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝ Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում