Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով

Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Аргументы и факты» թերթին՝ խոսելով գործընկերների հետ հարաբերությունների մասին։

ԱԳ նախարարին հարցրել են. արդյոք կարծում է, որ աշխարհաքաղաքական առումով պարտություն են կրում Ուկրաինայում, Հայաստանում ու Վրաստանում, թույլ են տալիս Ռուսաստանի «թշնամիների» գոտու ստեղծում նախկին «եղբայրական ժողովուրդներից», որոնք գումար են վաստակում Ռուսաստանում, այն դուրս են ուղարկում և միևնույն ժամանակ իրենց համարում են եթե ոչ թշնամի, ապա գոնե ոչ ընկերներ:

Ի պատասխան դրա, Լավրովը նշել է, որ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում քաղաքական գործընթացների նկատմամբ, անշուշտ, անտարբեր չեն, քանի որ խոսքը գնում է եղբայրական ժողովուրդների մասին, որոնց հետ իրենց կապում է երկարատև պատմություն, այդ թվում նաև մեկ պետության մեջ:

«Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավատում էր, որ «պատմության վերջը» եկել է, և այժմ իրեն կարելի է խստորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, կոպիտ կերպով հրամայել ներքաղաքական գործընթացները: Ուկրաինան, երևի, ամենավառ օրինակն է:

Հայաստանի հետ կապված իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Նրա հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ է քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական ուղղությամբ, միջազգային ասպարեզում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը դինամիկ զարգանում են»,– ասել է Լավրովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում