Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում, որը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, տեղ են գտել վարպետի պատմվածքներն ու գեղարվեստական արձակի տարբեր էջեր, անտիպ և հետմահու տպագրված արձակ գործեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 16-ին գրականության ինստիտուտում։
Ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքով` հատորի գլխավոր մասը կազմում են բնագրերը՝ արձակ, մանրապատումներ, գրառումներ, հատվածներ ու պատառիկներ։ Ապա գալիս է բնագրային տարբերությունների և տարբերակների բաժինը։
«Արձակը սովորաբար բնագրային տարբերություններ և տարընթերցումներ չի ունենում։ Այն հիմնականում բնորոշ է չափածոյին, երբ հեղինակը քանիցս խմբագրում է բանաստեղծության տողերը և բառերը»,- մեկնաբանեց գրականագետը։ Ըստ նրա՝ Իսահակյանը մանրակրկիտ աշխատել է յուրաքանչյուր տողի և բառի վրա, ինչը ևս նրա արձակի յուրահատուկ բանաստեղծական դրսևորումներից է։
Դևրիկյանն ասաց, որ բնագրային տարբերակները ցույց են տալիս, թե պատմվածքները բանաստեղծական չափածոյի նման ստեղծագործական աշխատանքի ինչ տևական ճանապարհ են անցել մինչև մեզ հայտնի գրական բյուրեղացումներին հասնելը։ Միևնույն պատմվածքը չորս–հինգ տարբերակով մշակելը, նրա գնահատմամբ, իրապես տաժանակիր աշխատանք է։ «Հատորում լավագույնս է ներկայացված յուրաքանչյուր ստեղծագործության ընթացքը ըստ տարբերակների։ Նման բազմատարբերակությունը ստեղծագործական ընդհանրացման ձգտմամբ հայ գրականության մեջ Թումանյանի պոեմներից հետո իր նմանօրինակը չունի, առավել ևս՝ արձակում։ Ուրախությամբ, հպարտությամբ կարող ենք ասել, որ գրականության ինստիտուտում իրականացվող հայ դասականների երկերի հրատարակություններում առաջնային կարևորություններից մեկը ստեղծագործական նման ընթացքը բնագրային տարբերություններով և յուրաքանչյուր գործի տարբերակներով ներկայացնելն է»,-նշեց գրականագետը։
Հատորի երրորդ բաժինը կազմում են ծանոթագրությունները, որոնցում ընդունված կարգով ներկայացվում են յուրաքանչյուր գործի գրության ժամանակը և տեղը՝ երկի գրության ստեղծագործական պատմությունը, և այն, թե երբ է առաջին անգամ տպագրվել, ապա բացատրվում են այնտեղ նշված իրադարձությունները, հատուկ անունները և տեղանունները, որոնք ընթերցողին օգնում են առավել խորությամբ հասկանալ տվյալ ստեղծագործությունն իր բոլոր շերտերով։
Դևրիկյանի գնահատմամբ՝ ծանոթագրություններն այնքան մանրամասն և հանգամանալից են, որ դրանց մի մասը կարելի է առանձին հոդված-ուսումնասիրություններ համարել։ Գրականագետի մեկնաբանմամբ՝ հատորում տեղ գտած անտիպ ստեղծագործությունները Իսահակյանը հիմնականում գրել է որևէ իրադարձության եւ հատկապես Հայկական հարցի հետ կապված անմիջական տպավորությունների ներքո։ Մեծ տեղ գրավող պատմական և կենսագրական նման փաստերը, նրա խոսքով, վեր են հանված բանասիրական մանրակրկիտ քննությամբ։
Աշխատությունն ավարտվում է «Ավետիք Իսահակյանի արձակը» վերջաբանով, ուր Վարպետի ողջ գրական ժառանգության և աշխարհայացքի միասնականության շրջանակում համակողմանիորեն վերլուծվում են ո՛չ միայն այս, այլև հինգերորդ հատորում տեղ գտած արձակ ստեղծագործությունները։ «Ավ. Իսահակյանը վկայակոչում է գրականագետ Գուցկովի՝ Հայնեի արձակի մասին հետևյալ խոսքերը, որոնք լավագույնս բնորոշում են նաև Իսահակյանի արձակը. «Այս արձակը ակոսված է բանաստեղծի խոփով»։ Վերջաբանում վեր է հանված Իսահակյանի երկերի ներքին էությունը և բազմաշերտ աշխարհը՝ խոհափիլիսոփայական ողջ ընդգրկմամբ», – հավելեց գրականագետը։
Գրականության ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ լույս կտեսնի Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության հուշերը և գրական հոդվածներն ընդգրկող հատորը, որտեղ տեղ են գտել նաև Թումանյանի, Կոմիտասի Խրիմյան Հայրկի ու Ղևոնդ Ալիշանի մասին հուշեր։
Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորը հրատարակության է պատրաստել գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ավ. Իսահակյանը, որը նաեւ բ.գ.թ. Ա. Վարդանյանի հետ հատորի խմբագիրն է։ Հատորի բնագրային տարբերությունները կատարել եւ ծանոթագրությունները պատրաստել է բ.գ.թ. Մ. Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում