Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել…

Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել…

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Եղիսե մարգարեի հիշատակության օրը: Մարգարե, ով առավել հայտնի է իր կատարած հրաշագործություններով: Նրա ամբողջ կյանքն ու կատարած արարքները միտված էին ցույց տալու, որ Աստված մեզ միշտ պատրաստ է օգնել, եթե կա Նրա միջամտության, բարին ու լավը սերմանելու կարիքը:

Եղիսե մարգարեի բոլոր արարքների վերջնարդյունքը Աստծուն փառք տալն ու շնորհակալ լինելն էր: Նա այնպիսի հրաշագործություններ էր անում, որոնք ծառայում էին Տիրոջ փառքին ու պիտանելի դառնում ողջ մարդկության համար:

Հրաշքը մարդու կյանքում խախտված ներդաշնակության վերահաստատումն է: Օրինակ, երբ մարդ վատառողջ է, դա բնական չէ: Բնական է, երբ մարդ առողջ է, հետևաբար հիվանդությունը մարդու խախտված ներդաշնակության կարգավիճակն է, որը Աստծո զորությամբ վերականգնվում է:

Աստված մեզնից յուրաքանչյուրին օժտել է դիմացինին օգտակար լինելու կարողությամբ, այլ հարց է, թե որքանով ենք մենք ընտրում այդ ճանապարհով ծառայել Աստծուն մեր ամբողջ կյանքում: Ապրումակցելը, կարեկից դառնալը, թերևս, ամենակարևոր շնորհներն են, իսկ միմյանց օգնելու շղթայական ռեակցիան կենսակերպ դարձնելը՝ վեհ հոգիներին հատուկ զորություն:

Կարեկցանքի մեջ մարդու գերբնական ուժն է թաքնված: Ինչպես Եղիսե մարգարեն, այնպես մենք՝ բոլորս, օգնենք դիմացինին ավելի լավը դառնալու, երջանիկ զգալու ճանապարհին՝ դրանով իսկ ցույց տալով Աստծո ողորմածությունը դիմացինի նկատմամբ:

Լիլիանա Օսիպյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում