Թոխմախի Մհերը՝ վաճառականներին. «Իրանք ով են, որ ուզեն կամ չուզեն»

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող փակ շուկան կփակվի վերանորոգման նպատակով: Այս մասին «Ա1+»-ն արդեն տեղեկացրել է: Շուկայի վաճառողներին էլ համայնքի թաղապետարանից առաջարկել են ժամանակավոր տեղափոխվել տարբեր շուկաներ, մինչ կավարտվի վերանորոգումը: Ավելին, Էրեբունու վարչական շրջանի աշխատակիցները նախօրեին շուկայի վաճառողներից անձնագրեր են պահանջել, որպեսզի իբր գրանցեն, որ շուկայի վերակառուցումից հետո մարդիկ անձնագրերով գնան, իրենց տեղերը վերցնեն: Աշխատակիցները նախ շուկան լքելու տարբերակին են դեմ, մանավանդ ամռանը, երբ առևտրի թեժ սեզոնն է:

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, շուկա բարեկարգելու ծրագիրը միտված է շուկայի տարածքին տիրանալուն: Շուկայում արդեն նոր վարձակալի անունն են քննարկում: Ըստ այդ խոսակցությունների’տարածքն այլևս չի պատկանի «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին, այլ Էրեբունու վարչական շրջանի «նայող», ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վաճառողները մտավախություն ունեն, որ նոր վարձակալի դեպքում, տեղի վարձը կբարձրանա:

Մհեր Սեդրակյանը «Հրապարակ»-ի հետ զրուցում չի հերքել իր առնչությունը շուկայի վերանորոգման գործում: «Մերոնք են»,-նկատի ունենալով բարեկարգման նախագծի ներկայացուցիչներին’ասել է նա: Պարզվել է, որ «մերոնք» ասելով, նկատի ունի «իրենց մտերիմներին»: «Էդ խոզանոցը պետք ա քանդվի, նորման շուկա սարքվի տեղը»-,ասել է Մ. Սեդրակյանը: Թերթի դիտարկմանը, թե վաճառողները դեմ են ներկայիս շուկան քանդելուն, Մ. Սեդրակյանը պատասխանել է.«Ով որ չի ուզում էդ խոզանոցը թողնել, ուրեմն ինքն էլ ա խոզ: Իրանք ով են, որ ուզեն կամ չուզեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում