Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ

Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Եգիպտոսի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» առաջատար ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը հնարավոր է դառնա անգլիական պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Վեստի.ռու-ն գրում է, որ «Լիվերպուլը», որը եգիպտացու հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը, նրա համար նոր ռեկորդային առաջարկություն է պատրաստում։

Սալահը «Լիվերպուլի» հարձակման գծում կարևոր խաղացողներից է և գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը նրա հետ հույսեր է կապում երկարաժամկետ հեռանկարում։ Այդ իսկ պատճառով, բրիտանական The Sun-ի տվյալներով, «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել եգիպտացուն նոր պայմանագիր՝ տարեկան 22,5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։

Անգլիայում աշխատավարձն ընդունված է հաշվարկել շաբաթական կտրվածքով և այդ ցուցանիշով Սալահը հնարավոր է անցնի պրեմիեր լիգայի ներկայիս ռեկորդակիր «Մանչեսթր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ Սալահի աշխատավարձը շաբաթական կարող է կազմել 430 հազար ֆունտ կամ 480 հազար եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում