«Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար»
Նմանատիպ
Որպեսզի քրիստոնյայի հոգևոր ուղին ճշմարիտ և անվտանգ լինի, անհրաժեշտ է, որ ամուր հավատք ունենա և նախանձախնդիր լինի աստվածային երկյուղի հանդեպ, որն, ըստ հայրաբանության, յուրաքանչյուր առաքինության արմատն է: Աստվածային երկյուղ չունեցողը չի կարող իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը պահպանել, որ շնորհվել է մարդկային բնությանը Արարչից: Առանց աստվածային երկյուղի մարդ կորցնում է իր մեջ հոգևորը և հեռանում իր Արարչից: Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր լինել այս առաքինության հանդեպ, զարգացնել այն և ամրացնել սրտում: Աստվածային երկյուղը՝ որպես կանթեղ, լուսավորում է մարդու միտքն ու սիրտը, սովորեցնում զգուշորեն քայլել, ինչպես կքայլեր նա, ով ջրով լի բաժակ ունի ձեռքին և զգուշանում է այն թափելուց: Միայն աստվածային երկյուղի առկայությամբ է, որ մարդն իրապես ճանաչում է իր Արարչին: Աստվածային երկյուղը՝ որպես հավատարիմ և զգոն հսկիչ, հսկում է քրիստոնյայի հոգևոր տունն ամենայն չարիքից: Այս առաքինությունը Աստծո պարգևն է, որ տրվում է մարդկանցից յուրաքանչյուրին: Շնորհելով պարգևը՝ Տերը չի սահմանափակում մարդու կամքը, այլ նրան լիակատար ազատություն է տալիս՝ ջանասիրաբար գործելու հանուն փրկության: Այնուհետև մարդն է որոշում՝ ընդունել այդ պարգևը և դառնալ դեպի Աստված, կամ մերժելով այն՝ հեռանալ Նրանից՝ ընթանալով կործանարար ուղով:
Եկեղեցու հայրերը նշում են, որ փրկարար առաքինության ընդունման և զարգացման ուղին կայանում է նրանում, որ մարդը մշտապես գիտակցի իր մեղավորությունն Աստծո առաջ և ձգտի՝ ապաշխարությամբ մաքրագործվելու: Այս դեպքում աստվածային երկյուղը լուսավորում է մարդու գիտակցությունն ու խիղճը՝ մեղքերը տեսնելու և ապաշխարելու համար: Երբեմն մարդը, ապագա հավիտենական տանջանքների և աստվածային դատաստանի վախն իր առջև ունենալով, ոտք է դնում երկյուղի առաջին աստիճանին և խուսափում մեղսագործելուց: Սկսում է աստվածահաճո կյանք ապրել և նրա մոտ ձևավորված ստրկական երկյուղն առ Աստված աստիճանաբար վեր է ածվում որդիական, անկեղծ և սրտանց երկյուղի: Մարդը հասնում է աստվածային երկյուղի բարձրագույն աստիճանին՝ որդիական երկյուղին, որը հեռու է պահում նրան այն մտքերից, խոսքերից և գործերից, որ կարող են վիրավորել աստվածային մեծությունը: Այս աստիճանի վրա քրիստոնյան իրեն զգում է ոչ միայն Աստծո արարած, այլև՝ որդի: Նրա համար Աստված արդեն ոչ թե խիստ դատավոր է, այլ արդար և սիրող Հայր:
Աստվածային երկյուղը մարդու մեջ հիմնավորվում է նրա հավատի չափով: Որդիական երկյուղը աստվածային մեծագույն պարգև է՝ կատարյալ սիրով լի, որ ուղղորդում է քրիստոնյային Աստծո հետ հաղորդակցության և միավորման. «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհ. 4:16): Աստվածային երկյուղն իր հոգում ընդունողը սրտից վանում է ամեն վախ, և այդ անվախությունը բացատրվում է ոչ թե միջավայրի և երկրային կյանքի հանդեպ անտարբերությամբ, այլ վստահությամբ, որ ամեն փորձություն, անգամ մահը Աստծո հետ միավորյալ հոգուն առաջնորդելու է երանելի Երկնային Արքայություն, այն ամուր հավատով, թե՝ «Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:22): Աստծո հանդեպ երկյուղ ունեցող քրիստոնյան համաձայն է չարչարանք ու զրկանք կրելու, միայն թե չմեղանչի և Աստծուց չհեռանա: «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար. ով չունի այդ երկյուղը, մոլորված շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր հավիտյան այցելու չի ունենա» (Առակ.19:23):
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում