Արարատի մարզպետը ապրում է Երևանի կենտրոնում

Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: «Էդ ո՞ւր էդպես’ առանց Սուրիկ»,- «Հրապարակ»-ի լրագրողը հարցնում է նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին: «Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր»: Էս կողմերո՞ւմ եք ապրում: «Հա, հենա’ էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում»:

Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե զինված հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներ են էստեղ, ձենը կլսվի: Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ Դուք էլ կաք: «Փողոցային զրույցներ են, միք հավատացեք»: Լսել ենք, որ Ձեզ էլ են հանելու: «Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին,- մատներն իրար շփելով՝ ասաց նա և շարունակեց:- Ի՞նչ ունեմ կորցնելու, հետա’ երկրորդ հարկում տունս ա, ուրիշ բան չունեմ»: Ի՜նչ եք ասում’ սեփական տուն-բան, ոչինչ չունե՞ք: «Չունեմ»: Տես, է, էդպես եք արել, որ հայտարարագիրը մաքո՞ւր լինի: «Ես որ գործից դուրս գամ, ձեր’ լրագրողներիդ պատճառով ու դարդից եմ դուրս գալու»,-հիասթափված ասաց նա ու շատ արագ նստեց «ջիպը»:

Դե լավ, է’ հրեն գոնե «ջիպ» ունեք: «Սա ծառայողական ավտո է, բոլոր մարզպետներին պետությունն է տվել… քշի, քշի, քշի՝ ըստեղից գնանք»,- հաճույքով մեր զրույցն ունկնդրող վարորդին ապսպրեց Բարսեղյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում