Մե քեֆ, մե սալյուտ. իշխանական էլիտան «Փարվանա»-ում էր

Իշխանական գրեթե ողջ վերնախավը երեկ ուշ երեկոյան հավաքված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում: «Էլիտայով» նշում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի’ նախօրեի ինաուգուրացիան: Սույն «իրադարձությունը» տրամաբանորեն պետք է տեղի ունենար հենց ինաուգուրացիայի օրվա երեկոյան: Բայց, քանի որ երեկ էլ Երևանի քաղաքապետի հանգուցյալ հոր’ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր, որոշվել էր միջոցառումը մեկ օրով հետաձգել:

«Ժամը 22-ի սահմաններում «Փարվանա» ռեստորանից այնպիսի ճոխ հրավառություն կազմակերպվեց, որի արժեքը հաստատ հազարավոր դոլարների կհասներ: Մոտ տասը րոպե շարունակ տարածքի բնակիչները «վայելում» էին Հրազդանի կիրճից բարձրացող գմփոցները: Այսպիսի շուքով հրավառություններ սովորաբար կազմակերպվում են քաղաքի կամ համապետական կարևոր տոների ժամանակ: Հիշեցնենք, որ քաղաքի տարբեր մասերում հրավառություններ էին կազմակերպվել նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը. «էլիտայի» ներկայացուցիչները չէին սպասել անգամ ընտրությունների արդյունքների հրապարակմանը»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում