«Նոր սպառազինությունների ոլորտում ռուսական մշակումները զգալիորեն առաջ են մյուս երկրների մակարդակից». Պեսկով

«Նոր սպառազինությունների ոլորտում ռուսական մշակումները զգալիորեն առաջ են մյուս երկրների մակարդակից». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոր սպառազինությունների ոլորտում ռուսական մշակումները զգալիորեն գերազանցում են այլ երկրների մակարդակը և բացառիկ են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ այս ոլորտում ռուսական մշակումները զգալիորեն գերազանցում են այն մակարդակը, որին հաջողվել է հասնել այլ երկրների, և բավականին բացառիկ են: Այդ մասին խոսել է ՌԴ նախագահը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ այսպիսով մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր, որ ՌԴ Արխանգելսկի մարզում ռազմական պոլիգոնում փորձակումների ժամանակ տեղի ունեցած պայթյունն օգնել է Միացյալ Նահանգներին շատ բան իմանալ:

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ունի նմանատիպ, սակայն «առավել առաջնակարգ» տեխնոլոգիաներ: Իր գրառման մեջ նա հիշատակել է ռուսական «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ի կոդավորման համակարգում նշվում է որպես Skyfall:

«Ռուսական Skyfall-ի պայթյունը ստիպել է մարդկանց անհանգստանալ պոլիգոնի շուրջը և դրա սահմաններից հեռու օդի մասին: Դա վատ է»,- գրել էր Թրամփը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՌԴ Սարով քաղաքում գտնվող միջուկային կենտրոնի ղեկավարությունը սենսացիոն հայտարարություն էր արել Արխանգելսկի մարզում օրերս տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել: Այս կերպ ռուս ֆիզիկոսները կասկածի տակ են դրել ՌԴ պաշտպանության նախարարության ու «Ռոսատոմ»-ի հայտարարությունը:

Ըստ կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նաև նշվել է, որ նոր զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները տևել են տարուց ավելի: Թե մասնավորապես ինչ զենքի ստեղծման վրա են աշխատել գիտնականները՝ ֆիզիկոսները չեն հայտնել: Լուրեր են շրջանառվում, որ խոսքն անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռի մասին է, որի մասին ժամանակին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ծովային պոլիգոնում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին: Ըստ ՊՆ-ի պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների» ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում