Ականատես եղանք «Ազիզյաններ»-ի գլխավոր դերակատարի և ՀԺ-ի գլխավոր նախկին խմբագրի միջև վատ բեմադրված հարցազրույցի. Ֆարմանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արձանագրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հանդիպումից տպավորություն է ստացել, որ Երևանը շարունակելու է մնալ աղբի մեջ։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ֆարմանյանն անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ նշում է.
«Ինչպես Երևանում ապրող բնակիչներից շատ շատերը, այնպես էլ ես սպասում էինք, որ քաղաքապետի և վարչապետի միջև տեղի ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ ի վերջո կտրվեր մեր քաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ի վերջո Երևանն ինչքան է մնալու աղջի մեջ։
Ցավոք սրտի լուծումներ տեսնելու փոխարեն մենք ականատես եղանք, պատկերավոր ասած, երկու դերասանների երկխոսության, կամ առավել դիպուկ ասած՝ «Ազիզյաններ»-ի գլխավոր դերակատարի և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր նախկին խմբագրի միջև վատ բեմադրված հարցազրույցի։
Եթե որևէ մեկն ընտրվում է քաղաքապետ և հանդես է գալիս մաքրելու ենք կարգախոսով, առողջ տրամաբանությունը հուշում է, որ դու նախօրոք իմանում ես եղած խնդիրները, դրանց պատճառները, ունես դրանց լուծումները, և դուխով, ռիսկով ասում ես մաքրելու ենք և գնում և սկսում ես մաքրել»։
Նախկին պատգամավորն անընդունելի է համարում անգործությունն ու դա ծածկելն ինչ-որ պայմանագրերի տակ։
«Պարոն Փաշինյան պետք էր քաղաքապետին շատ կարճ ժամանակ տալ, երկու-երեք շաբաթ, խնդիրը լուծելու համար, և եթե չլուծեր, պետք էր հետևություններ անել, և ոչ թե սպառնալ իրենց բողոքի ձայնը բարձրացնող մարդկանց։ Հանդիպումից տպավորություն ստացա, որ վարչապետն արդեն կառավարական դաչայում ապրելով և զրահապատ մերսեդեսի ապակիներից այն կողմ իսկապես չի զգում այն հոտը, որն աղբը լցրել է քաղաքը։ Այնուամենայնիվ, հանդիպումը հաշվետվողականության անվան տակ բեմադրություն էր, բայց կարելի է ևս երկու-երեք շաբաթ սպասել, տեսնել, թե ինչ լուծումներ են առաջարկում հանդիպման արդյունքներով»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ խնդիրը չլուծվելու պարագայում կգտնեն ձևը՝ քաղաքապետ Մարությանին տեր կանգնելու Երևանը աղբից մաքրելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում