Այն ամենը, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում, սկսվել է 1990-ականների առաջին կեսին. Լևոն Մելիք-Շահնազարյան

Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին տարածաշրջանի պետությունները չպետք է լռեն, համոզված է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Եթե ուզում ենք, որ խաղաղություն լինի, չպիտի թույլ տանք, որ պատերազմը մեզ հասնի»,- ինչպես հայտնում է PanARMENIAN.Net -ը, այսօր «Սիրիա. անցյալը, ներկան և ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ այն ամենը, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում, սկսվել է 1990-ականների առաջին կեսին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր կատարում Լեռնային Ղարաբաղի վրա, և պաշտոնական Ստեփանակերտը բազմաթիվ անգամ դիմել էր միջազգային հանրությանը՝ զգուշացնելով, որ Ադրբեջանում տեռորիստական հրեշ է ծնվել, որը ուտելու է նաև նրանց: Խոսքը միջազգային տեռորիստական կազմակերպության մասին էր, որի մեջ էին մտնում զինյալներ Ռուսաստանից, Չեչնիայից, արաբական երկրներից, Պակիստանից, Թուրքիայից և այլն:

«Այս զինյալներն Ադրբեջանում ծնեցին «Ջեյշուլահ» կազմակերպությունը, ակտիվանում էր «Ալ Քաիդան», տարբեր իսլամիստական խմբավորումներ: Մինչ այդ կազմակերպված, միասնական, տարբեր ազգերի մասնակցությամբ տեռորիստական ակտեր չեն եղել: Այն մարդիկ, որ հետո հռչակվեցին մարդակերներ, արնախումներ, իրենց տեռորիստական ճանապարհը սկսել են Ադրբեջանում: Առաջին մարդակերության դեպքերը տեղի են ունեցել Բաքու քաղաքում»,- պատմեց քաղաքագետը:

Լևոն Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ այժմ Սիրիայում այդ կազմակերպությունները օգտագործվում են գերտերությունների կողմից, որոնք դրանց անվանվում են Սիրիայի կանոնավոր իշխանություն: Նա ներկայացրեց կադրեր, որոնցում տեսորիստական այդ կազմակերպությունները գերիներին գնդակահարում են, մահացած մարդկանց սրտերն են հանում ուտում, փոքր երեխային սովորացնում են գերիների գլուխը կտրել, գնդակահարում են խաղաղ բնակչությանը: «Սա Սիրիական ազատ բանակն է, որը այսօր դարձել է մի շարք պետությունների գործընկերը՝ Ֆրանսիայի, Թուրքիայի, Քաթարի, ԱՄՆ-ի և այն: Այս երկրները որպես կանոնավոր իշխանություն սրանց են ճանաչում»,- ասաց նա:

Քաղաքագետը պատմեց, որ սիրիական Ազատ բանակը սկսել է ձևավորվել 2011-ին, Թուրքիայի արևելքում: Այն ժամանակ բանակի մեջ էին մտնում Աիրիայի բանակի դասալիքներն ու ընդդիմադիրները, այժմ գրեթե սիրիացիներ չկան: Զենքը ստանում են Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայից, զենքը ստանում են Իսրայելից և Թուրքիայից: Զինակոչում են 9 տարեկանից: «Սա այն կամզակերպությունն է, որին ԱՄՆ-ն ցանկանում է բերել Սիրիայի իշխանության գլուխ, այն ԱՄՆ-ն, որը ամենուր խոսում է մարդու իրավքուներից»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչ են ուզում գերտերությունները և մասնավորապես ԱՄՆ-ն Սիրիայից և Մերձավոր Արևելքից, կարելի է պատասխանել մի քանի տարի հետ գնալով: «Յոթ տարի առաջ Երուսաղեմում ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ռայսը հայտարարեց, որ ԱՄՆ ձգտում է նոր Մերձավոր Արևելք տեսնելու: ԱՄՆ մի քարտեզ է ներկայացրել, որը ստացել է արյունոտ անվանումը, սրանով ցանկանում են ստեղծել նոր Քուրդիստան, Սաուդյան Արաբիան ահագին տարածքներ է կորցնում, բայց Իրանից մեծ տարածք է վերցնում է, Իրանը բաժանվում է վեց մասի, կորցնում է նաև ՀՀ հետ սահմանը: Նպատակը՝ բաժանել բոլորին բոլորից, այնպես անել, որ բոլորը բոլորից վախնենան, բոլորի հույսը լինի քեռին, որ ԱՄՆ-ն է: Եվ վերջապես այն տիրի տարածաշրջանում ամեն ինչի վրա»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նա նկատեց, որ այս ճանապարհին ԱՄՆ արգելքը դարձել են Իրանն ու Սիրիան: Դրա համար էլ այսօր եկել ու դեմ է եղել Սիրիային, որին չի կարողանում շրջանցել, քանի որ Սիրիան անկախ է, իսկ ԱՄՆ նման բան չի սիրում: «Եթե չի սիրում, ուրեմն նման բան չպետք է լինի, ու նպատակը Սիրիան ոչնչացնելն է»,- պարզաբանեց քաղաքագետն ու նկատեց, որ այն ժամանակվա արյունալի գարունն այսօր արդեն չի դադարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում