Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: 23 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 19-ին, ծնվել են ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանն ու Գևորգ Վարդանյանը։
Ադամն ու Գևորգը զոհվել են ապրիլյան պատերազմի ընթացքում՝ իրենց կյանքի գնով պահպանելով հայրենիքը, թույլ չտալով, որ թշնամին իրագործի նախապես պլանավորած ծրագիրը։
Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի և շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում։ 2002-2013 թթ-ին սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ 2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով ,այդ թվում՝ բռնցքամարտով:
Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ): Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։
2016 թվականի ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի էր ունեցել թշնամու հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ադամն այնքան ճիշտ է կազմակերպել մարտը, որ թշնամին մի քանի ժամ չի կարողացել դիրքը գրավել ու առաջ շարժվել: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Ադամն իր զինակից ընկերներով կոտրելով թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:
Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության» մեդալով»:
Մերօրյա հերոս Գևորգ Վարդանյանը ևս այսօր կդառնար 23 տարեկան։ Նա ծնվել է Գյումրիում։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։ Գևորգը, մեծանալով հայրենիքից հեռու, երբեք չէր մտածել ծառայությունից խուսափելու մասին։ 18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, եղել է ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել էր շնորհակալագրի։
2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գևորգն ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են ապրիլի 4-ին Թալիշում մղած մարտերի ժամանակ։
Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում