Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը:

«Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», – նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում