Սիրիայի անկումը անմիջական սպառնալիք է Հայաստանի համար. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր կայացած «Սիրիա. անցյալը, ներկան և ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ փորձեց կանխատեսել այն վտանգները, որոնք անմիջականորեն կսպառնան Հայաստանին Սիրիայում նախագահ Ասադի իշխանության տապալման և Իրանի վրա հարձակման պարագայում: Փորձագետը կարևորեց այն հանգամանքը, որ Իրանի հյուսիսում կտրուկ կապակայունանա իրավիճակը’ Ադրբեջանի անմիջական ներգրավմամբ: «Սա նշանակում է, որ մենք զրկվելու ենք մեր, թերևս, ամենահուսալի կոմյունիկացիոն ուղուց: Եթե անգամ ռազմական գործողությունների հավանականությունն էլ մի կողմ դնենք արցախյան թատերաբեմում, ապա զուտ կոմյունիկատիվ առումով մենք լրջագույն խնդիրների առջև կկանգնենք. կփակվի մեր հարավային միջանցքը: Մենք կհայտնվենք կատարյալ բլոկադայի մեջ: Միակ հույսը Վրաստանն է, որին, ցավոք սրտի, լիարժեքորեն չենք կարող վստահել» տեղեկացնում է Times.am-ը:

Այնուհետև Ջամալյանն անդրադարձավ Սիրիայի հնարավոր անկման դեպքում Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը’ նշելով, որ եթե ռազմական գործողությունները միանգամից չսկսվեն, այնուամենայնիվ, ծայրահեղական ուժերի շրջափակման մեջ գտնվելը, երկրի զարգացման հեռանկարը հարցականի տակ կդնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում