«Ռոսիա 24»-ն անդրադարձել է Քոչարյանի դեմ մեղադրանքներին (Տեսանյութ)

«Ռոսիա 24»-ն անդրադարձել է Քոչարյանի դեմ մեղադրանքներին  (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:

Մասնավորապես, նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն առաջադրված մեղադրանքների համապատասխանության մասին երկու դիմումների նախնական քննությունը ՀՀ սահմանարական դատարանը տեղափոխել է սեպտեմբերի 3-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառք տալու համար:

Ռեպորտաժում նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հերքում է իր դեմ մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականապես մոտիվացված: Նշվում է, որ նախկին նախագահը կալանքի տակ է արդեն 3-րդ անգամ: Վերջին անգամ նա կալանքի տակ է առնվել հունիսի 25-ին: Դրանից հետո, ինչպես ասում է լրագրող Վարվարա Նևսկայան, ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի դեմ նրա մասնագիտական գործունեության հետ կապ չունեցող քրեական գործ է հարուցվել:

Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:

Այնուհետ ներկայացվում են 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած կադրերը, նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողն ընդգծում է նաև փաստը, որ «գաղտնիք չէ՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում