Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում:

Երեկոյին կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները:

Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։

Ծրագիրն ավելի հետաքրքրական և յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի, և թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը:

Համերգին հանդես կգա նաև սիրված սոպրանո Աննա Կասյանը:

Ադամ Բարրոյի համար շատ կարևոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաև՝ նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին, միևնույն ժամանակ՝ արժևորելով՝ նաև հայ երգը:

Տեղեկացնենք, որ համերգի իրականացմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF),

AYP FM ռադիոընկերությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (UGAB), Փարիզի քաղաքապետարանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում