Հովիկ Աբրահամյանի զարմանքը զայրացրել է

«Հրապարակը» գրում է, թե երեկ Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունից տպավորված ԱԺ նախագահը գրեթե ընդդիմադիր ելույթ է ունեցել ԱԺ-ում. «Չե՞ք կարծում, որ հանրության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք հայտնաբերում ենք այդ թերությունները ու ոչ մի պատիժ չենք կիրառում, ուրեմն մենք էլ ենք մասնակից։ Պետք է մարդիկ ազատվեն պաշտոններից, ես զարմացած եմ ուղղակի, կառավարության ղեկավարը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»։

«ԱԺ ներքին ինտրիգների լեզուն հասկացողն անմիջապես կռահում է, որ ԱԺ նախագահը ոչ այնքան զարմացած է, որքան Իշխան Զաքարյանի «գլորած բոչկայի» ուղղությունն է թեքում դեպի վարչապետ: Սակայն համաձայնեք, որ ոչ բոլոր պաշտոնյաներին է սազում խոսել ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության, յուրացումներ եւ կեղծիքներ կատարած պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու մասին:

Զարմանալի չէ, որ Աբրահամյանի հարազատ կողմերի բնակիչները՝ արտաշատցիք, մխչյանցիք, որոնք հեռու են ՀՀ վերնախավի ներքին հարաբերություններից, պարզապես շոկ են ապրել՝ լսելով Աբրահամյանի ելույթը: Երեկ նրանցից մեկը զանգահարեց մեզ եւ գանգատվեց, որ Արտաշատում էլ հող չմնաց, որ Աբրահամյանը եւ նրա ազգականները գրաված կամ պաշարած չլինեն: «Գեւորգ Չաուշի արձանն Արտաշատի կենտրոնից հանել-տարել են, գցել կայարան, դրա եւ ռեստորանի տեղը սուպերմարկետ են սարքում: Հովտաշեն գյուղի կողքը, նախկին Կիրովի սովխոզում, նոր բասեիններ են սարքում, ձկնաբուծարան: Մխչյանի, Նարեկ գյուղի տարածքներն իրենցն են:

Մխչյանում նրա աղջիկների տներն այնպես են փակել ճանապարհը, որ ոչ մի մեքենա չի կարա անցնի: Դիմիտրովում՝ ասորիների գյուղում, տներ են կառուցել: Հովիկի եղբոր տղունն է՝ Արսեն Աբրահամյանի: Նա Արարատի մարզի ոստիկանության վարչության պետն է: Էնպիսի շքեղ տուն ունի, դղյակ է: Բակի ամեն մի եղեւնու գնով մի գյուղ կարելի է տեսքի բերել: Եկեք Մխչյանը տեսեք, թե ոնց է կեղտի մեջ կորել: Բա դա ԱԺ նախագահի գյո՞ւղ է: Դեռ ի՞նքն է խոսում անօրինականությունների մասին: Բա էնտեղ ոչ ոք չծիծաղե՞ց երեսին»,- ասում էր արտաշատցի տիկինը՝ Աբրահամյանի զարմանքից զայրացած»,- գրում է թերթը:

Մանրամասները’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում