Բալասանյանը քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ

Գյումրիի քաղաքապետ, մի քանի կուսակցության անուն ճակատին գրած ու մաքրած Սամվել Բալասանյանը, պարզվում է, քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ, որտեղ աշխատակիցների է ընդունում միայն հայտնի ԽԾԲ-ի սկզբունքով:

Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Գյումրիի մեր աղբյուրները փոխանցել են քաղաքապետարանում աշխատողների ցուցակը, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն Սամվել Բալասանյանի հետ: Բալասանյանի կադրային բանկն ունի ուշագրավ «աշխարհագրություն»: Այսպես. Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի փեսան է’ քրոջ ամուսինը, մյուս փոխքաղաքապետը’ Գուրգեն Մալխասյանը, դատավոր ընկերոջ’ Ապերի որդին է: Գյումրեցիներն այս փոխքաղաքապետին են վերագրում նաեւ ընտրական շրջանում Բալասանյանի հրահանգով քվեների ապահովումը: Մինչ վերջերս նա Բալասանյանի «սեփականաշնորհած» թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի «մշտական» նախագահն էր: Այս փոխքաղաքապետի մասին այլ ուշագրավ դրվագ եւս հաղորդում է մեր աղբյուրը: Նրա վարորդն իր իսկ որդին է, ում փոխքաղաքապետ «պապան» բանակից «փախցրել» է 10000 դոլարով:
Գյումրու գարեջրի սեփական գործարանից, ինչպես գյումրեցիներն են կատակում’ «հենակետային վարժարանից», Բալասանյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է բերել Ռոբերտ Ասատրյանին:

Քաղաքապետի խորհրդականը երեւանցի Արարատ Բալաբեկյանն է, ում մոտ, ըստ նույն աղբյուրի, Բալասանյանը քաղաքապետ է աշխատում: Բալաբեկյանը քաղաքապետի որդու’ Միսակի ընկերն է: Ի դեպ, այս խորհրդականն այնքան էլ լավ խորհուրդներ չի տալիս Բալասանյանին, քանի որ վերջերս նրա «հեղինակավոր» խորհրդով մշակված Գյումրու բյուջեի նախագիծը որակվել է «անգրագետ կուրսային աշխատանք» ու հետ է վերադարձվել լրամշակման:

Բալասանյանը մանկության ընկերոջը’ Հակոբ Սարգսյանին, եւս անգործ չի թողել: Նա քաղաքապետի օգնականն է, ում եղբայրը Բալասանյանին պատկանող «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի տնօրենն է եւ քաղաքապետի հորեղբոր աղջկա ամուսինը: Ի դեպ, վերջինիս դստերը եւս քաղաքապետարանում աշխատանք է տրվել’ աշխատանքի կառավարման բաժնում…»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում