Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում եւ մարզերում օգոստոսի 23-30-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի ունեցել էր մասնակցության 2000 հայտ 53 երկրներից, բայց ընտրվել էին բացառապես հոգեւոր եւ համամարդկային արժեքներ` սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հայրենասիրություն քարոզող ֆիլմերը` 37 կինոժապավեն` 17 երկրներից: Մրցանակաբաշխության համար ընտրվել էր 10 անվանակարգ: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ երեկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը (ԱՄՆ): Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում` «Մրցանակը» (Մակեդոնիա), լավագույն ուղերձ «Խաղաղություն» մրցանակը տրվեց «Տամբուրի լացը» ֆիլմին (Տաջիկստան), լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ես կամավոր եմ» կինոժապավենը (Ռուսաստան): Լավագույն ուղերձ «Քաջություն եւ հույս» անվանակարգում մրցանակը տրվեց «Բարձունքի հատակից» ֆիլմին (Ռուսաստան), «Շախմատ» ֆիլմը (Իտալիա) ստացավ լավագույն ուղերձ «Հույս» մրցանակը: Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» անվանակարգում լավագույնը համարվեց «Ծիածանի 7 գույները» կինոժապավենը (Ռուսաստան): Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տանիել» ֆիլմը (Հայաստան, Միացյալ Թագավորություն) եւ լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու ֆիլմ, որոնցից մեկը` «Իմ անունը Պետյա է» կինոժապավենը (Ռուսաստան), մյուսը` «Դանկա» ֆիլմը (Ռուսաստան):

«Անգամ, երբ զբաղված էինք լինում, կլանվում էինք այդ ֆիլմերով ու դիտում: Շատ լավն էին, շատ հետաքրքիր էին: Այս տարի բավականին մեծ էր նաեւ հանդիսատեսի թիվը: Ամեն տարի էլ ունենում ենք ֆանտաստիկ հետաքրքիր ֆիլմեր: 2019-ի «Ֆրեսկոն» նույնպես այս իմաստով բացառիկ էր»,-մեզ հետ զրույցում ասաց «Ֆրեսկոյի» նախագահ Շահեն Նազարենկոն։ ՀԵՀԵՄ կենտրոնի հոգեւոր տեսուչ հայր Թովմա Խաչատրյանի խոսքով` «Ֆրեսկոն» իր բազմապրոֆիլ միջոցառումներով հասարակությանը փոխանցեց հոգեւոր արժեքներ, սեր, խաղաղություն, մարդասիրություն:

Փառատոնն իրականացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Լիանա Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում