Քարոզո՞ւմ ենք Կոմիտասին, ինչպես Վիեննան` Մոցարտին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Ճանաչված խմբավարը կարծում է, որ դա պետական քաղաքականություն պետք է լինի
Քանի որ տարին կոմիտասյան է, «Առավոտը» Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանից հետաքրքրվեց, թե երգչախումբն ի՞նչ ձեռնարկներ ունի այդ համատեքստում:
«Մեզ համար կոմիտասյան տարի հասկացություն չկա, որովհետեւ Կամերային երգչախումբն իր ամբողջ գործունեության ընթացքում զբաղված է Կոմիտաս երգելով, ինչն ինքնանպատակ չէ. մենք ունենք կոմպոզիտոր, որը համաշխարհային կոմպոզիտորական արվեստում համար մեկ արժեք է` ամենամեծերի հետ հավասար, նկատի ունեմ երկրագնդի վրա գոյություն ունեցող այնպիսի մեծ կոմպոզիտորների, որոնց թվում են` Բախը, Մոցարտը……Մեր Կոմիտասը կանգնած է նրանց կողքին, եւ որեւէ կերպ չենք կարող նրան թերագնահատել»,-նշեց մաեստրոն:
Նրա խոսքերով՝ Կոմիտասի երաժշտությունը սովորել ենք Հայաստանում մատուցել ժողովրդին, բայց արդյոք աշխարհում գիտե՞ն Կոմիտասին. «Իմ պատկերացմամբ, Կոմիտասին դրսում ընդհանրապես չգիտեն: Երբ գնում, մի տեղ երգում ենք, հիացումի պահեր ենք պարգեւում, հարցնում են` ո՞վ է այս հրաշք կոմպոզիտորը: Օտարազգի ունկնդիրը հիանում է, բայց չգիտի, թե ով է Կոմիտասը»:
Երբ մաեստրոյին հիշեցրինք, որ տարիներ առաջ Ֆրանսիայում ոչ հայ ունկնդիրն իրենց կատարմամբ հոտնկայս մի քանի ժամ Կոմիտաս է ըմբոշխնել, Ռոբերտ Մլքեյանը փաստեց, որ իսկապես Կոմիտասի 140-ամյակի ժամանակ 1000 ֆրանսիացի ունկնդիր անընդհատ չի թողել բեմից իջնել. «Մենք երկու ժամից ավելի երգել ենք հոգեւոր եւ աշխարհիկ Կոմիտաս: Մենք ազգովի խնդիր ունենք` մեր միակ արտահանվող արժեքը երաժշտության մեջ խմբերգային արվեստն է` Կոմիտասի կողմից գրված, ինչը տարին մեկ անգամ մեկ-երկու կոլեկտիվ կարողանում է որեւէ երկրում ներկայացնել: Մինչդեռ, դա պետք է ուրիշ կերպ լիներ»:
Ռոբերտ Մլքեյանը համոզված է, որ Կոմիտասի հետ կապված էլ պետք է լինի նույն աժիոտաժը, ինչպես Վիեննայում Մոցարտի շուրջ է. «Ամեն տարի զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից մեկնում են Վիեննա` Մոցարտի մեկամսյակին մասնակցելու: Սկսած կենցաղային բաներից` իրենց շապիկներից, պաղպաղակներից, հեռուստացույցներից, տաքսու վարորդից՝ Մոցարտով են ապրում` ամբողջ աշխարհին ի ցույց: Իրենք դրանով չեն ասում, որ մեր Մոցարտն ուրիշ է: Իրենք ուղղակի ամբողջ աշխարհին ասում են, որ Մոցարտը համամարդկային կոմպոզիտոր է, եւ իրեն Վիեննան է ծնել: Այդ մարդիկ դրանով հպարտանում են:
Իսկ մենք հպարտանո՞ւմ ենք Կոմիտասով նույնկերպ: Ես շատ մեծ կասկածներ ունեմ: Երաժշտական կոլեկտիվները, որոնք այդ երաժշտությամբ են զբաղված, փորձում են պրոպագանդել Կոմիտաս, մեզ մոտ ավելի շատ, քան դրսում: 200 երկրների առկայության դեպքում տարին մի անգամ ինչ-որ համերգասրահում մի քանի կտոր երգելը նշանակում է, որ իրապես չենք կարողանում Կոմիտաս պրոպագանդել աշխարհով մեկ, բայց ինքը հավասար է մեծ կոմպոզիտորներին: Իսկ ինչո՞ւ է հավասար, որովհետեւ ստեղծեց հայ դասական կոմպոզիտորական դպրոց, իր միջոցով ստեղծվեց հայկական կոմպոզիտորական դպրոցը, որովհետեւ մեր կոմիտասյան երաժշտություն երգելուց` ամբողջ աշխարհն ընկալում է, որ սա դասական երաժշտություն է, բայց ինչո՞ւ նման չէ ամբողջ աշխարհի մնացած դասական երաժշտությանը: Կոմիտասյան երաժշտությունը տարբերվում է, լրիվ ուրիշ բան է, իր լեզուն, իր պոլիֆոնիան միանշանակ տարբերվում է:
Կոմիտասը ստեղծել է առանձին կոմպոզիտորական դպրոց, որն աշխարհի հետ մրցում է, եւ երկրագնդի վրա միայն փոքրիկ Հայաստանն ունի այսպիսի հնարավորություն: Կողքի այն ազգերը, որոնք երգում են բազմաձայն, չունեն այդպիսի դպրոց: Վրացին ունի մի քանի ձայնով երգելու ունակություն, բայց դա երբեք չի դառնում արժեք` համաշխարհային դասական արվեստի մեջ, իսկ մեր Կոմիտասն ինքնին արժեք է: Դրա համար եմ ասում, որ մենք միայն այս տարի չէ, որ պետք է Կոմիտասով ապրենք: Այս տարի, սակայն, չափից շատ Կոմիտաս ենք երգում, ուղղակի դրան էլ գումարվել է Մանսուրյան-Ամիրխանյան 80-ամյակը, եւ մեր տարին դարձել է 90 տոկոսով հայ խմբերգային երաժշտության տարի, ինչի համար ուրախ եմ:
Կոմիտաս շարունակում ենք երգել, դեռ կերգենք Ֆիլհարմոնիայում, Մոսկվայում, Փարիզում, Երեւանում, նաեւ հյուրախաղեր կլինեն ողջ Հայաստանով մեկ: Մյուս տարի լինելու է Կոմիտասի 151-ամյակը, բայց կրկին նույն ձեւով ենք աշխատելու: Կոմիտասը մեր երգչախմբի տարբերանշանն է: Մեզ համար Կոմիտասը համար մեկն է: Արդեն 5-6 համերգ տրվել է` եւ բացօթյա եւ փակ դահլիճներում: Ամենաքիչ տոկոսը գրավում են դրսի համերգները, որի համար սարսափելի ցավում եմ:
Տա աստված, մեր երկիրը ոտքի կանգնի, մի քիչ էլ խելքի գա: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, կարծում եմ, որ պետք է գիտակցեն, որ երբ տնտեսության մասին են խոսում, նոր տեխնոլոգիաների, ասում են` երկիրը գերզարգացման ճանապարհով են տանելու եւ այլն, դա մի քիչ ժպիտ է առաջացնում, քանի որ Հայաստանը գերտեխնոլոգիաներով հարուստ, հագեցած կայսրությունների մեջ չի կարող դառնալ լիդեր:Հայաստանը միայն մի բան ունի ցույց տալու աշխարհին, դա մշակույթն է: Կարող ես լավ ցույց տալ, ուրեմն կդառնաս Վիեննայի նման: Ավստրիան կյանքում չի ասել` մենք տեխնոլոգիաներով հագեցած երկիր ենք, Վիեննան ասում է՝ մենք Մոցարտ ենք ծնել, դուք կարո՞ղ եք ծնել: Ես էլ ասում եմ` մենք Կոմիտաս ենք ծնել, համաշխարհային խմբերգային երաժշտության մեջ համար մեկ մարդ ենք ծնել, դուք կարո՞ղ եք: Այ դա քարոզեք , փող դրեք, ներդրում արեք, հայ արվեստը տարածեք ու ճանաչեցրեք աշխարհին: Սրա մասին շատ լուրջ պետք է մտածվի: Ես երկրի ղեկավար չեմ, միայնակ չեմ կարող անել: Ես հասկանում եմ, որ շատ անարդարաբար մեր հանճարեղ արվեստագետի հանճարեղ երաժշտությունը չի լսվում»:
Մաեստրոն եւս մեկ բան փաստեց. «Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ եթե վերցնում են որեւէ մեղեդի, որն ի սկզբանե ժողովրդական է, մշակում են, դրա կողքին պետք է գրեն «Կոմիտաս, «Հով արեք սարեր ջան», մշակումը` դիցուք Համբարձում Համբարձումյանի»: Կոմիտասն այդ երգն արդեն մշակել է, եթե մշակված երգը վերցնում եք, աղավաղում եք, ավելի լավ է Կոմիտասի անունը չգրեք, միայն ձերը գրեք, թե չէ երբեմն այնպիսի մշակումների ես հանդիպում, որ ուղղակի սարսափելի են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` komitasmuseum.am-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում