Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 4-8-ը Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը, համագործակցության հարթակ ստեղծել հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:

Հայկական տաղավարի պատասխանատուներն են` ՀՀ ԿԳՄՍ նախարարու­թյան մշակութային ժառանգության վարչության փորձագետ Տաթևիկ Սուքիասյանը և «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա կմեկնեն «Էդիթ պրինտ» և «Հայագիտակ» հրատարակչությունները: Փառատոնին կմիանան նաև Մոսկվայի հայկական հրատարակչություններ:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարու­թյունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում