Անդպրոց գյուղեր

ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս, Վահրավար համայնքներն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոց չունեն: Կուրիսի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Ոչ աշակերտ ունենք, ոչ էլ դպրոց: Ավելի քան 5 տարի է, ինչ դպրոց չունենալու պատճառով երեխաները հաճախում են Մեղրու կամ Ագարակի դպրոցներ»: Իսկ Վահրավարի համայնքապետ Սարգիս Առաքելյանից թերթը տեղեկացել է, որ գյուղը դեռ 2004 թվականից դպրոց չունի, բայց 12 դպրոցահասակներ կան, որոնք հաճախում են Մեղրու և Ագարակի դպրոցներ:

«Դպրոց պահելը ծախս է: Տրանսպորտ էլ չունենք, որով հնարավոր լինի գնալ-գալ, իսկ տաքսին էլ 1500 դրամ է պահանջում: Այս պատճառով ծնողները ստիպված տանում-բերում են: Կամ էլ ընտանիքով գյուղը թողնում են ու գնում, երկու քաղաքներից մեկում վարձով ապրում»,- ասել է գյուղապետը:

Թերթը հավելում է, որ մեր երկրում բացվել են «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքեր, որոնց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Այս կայքերի միջոցով նվիրատվություն է արվել հայաստանյան ոչ բոլոր դպրոցներին: Մինչդեռ պետք է ուշադրություն դարձնել այսպիսի համայնքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում