Երևանի ոստիկանապետը բիզնես չունի՞

«Հրապարակ»-ը զրուցել է Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, Ձեր և Ներսիկ Նազարյանի միջև ի՞նչ տարբերություն կա, և դա հատկապես նշանակվելուց հետո ինչպե՞ս է արտահայտվել:

– Ես գնահատական տվող չեմ, էսօր մենք նշում ենք Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը՝ որպես նոր քաղաքապետի:

– Երևանի քաղաքացին Ձեր և նախորդի տարբերությունն ինչպե՞ս է զգալու:

– Մենք նոր ոստիկանի կերպար ենք կերտում, դրա գնահատականը թող տա երևանցին: Տարբերությունը թող քաղաքացին ինքն ասի, ես աշխատում եմ իմ գործառույթների շրջանակում՝ պաշտպան լինելով քաղաքացու շահերին:

– Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը պաշտոնապես հիմնավորվեց բիզնես գործունեությամբ, ինչի Դուք բիզնես չունե՞ք, որ Ձեզ նշանակեցին իր փոխարեն:

– Ես բիզնես չունեմ:

– Ինչո՞վ եք ապրում, աշխատավարձո՞վ:

– Իհարկե, ոստիկանի պես:

– Ո՞ր ոստիկանի՝ շարքայի՞ն, թե՞ բարձրաստիճան:

– Գնդապետի կոչում ունեցող ոստիկանի պես…

– Բիզնեսներն էլ գրանցել եք ընտանիքի անդամների անունո՞վ…

– Չունեմ ես բիզնես, չեմ էլ պատկերացնում, որ կարող ա ունենամ, բոլոր իմ բարեկամներն ու ծանոթները կվստահեցնեն, որ ես բիզնես չունեմ: Ես չեմ հարգի ինձ, որ բիզնես ունենամ և լինեմ ոստիկան, դրանք անհամատեղելի են՝ իմ կարծիքով:

– Այսինքն, Դուք չեք հարգում այն ոստիկաններին, որոնք բիզնե՞ս ունեն:

– Ես չեմ հարգի ինձ, եթե ունենամ բիզնես:

– Դա նշանակում է, որ Ձեր բիզնեսմեն գործընկերներին էլ չեք հարգում…

– Ոչ, ոչ, դրա մասին չէ խոսքը… Ես կարծում եմ, որ դրանք անձնական խնդիրներ են, և ես ունեմ իմ կարծիքը, եթե դու զինվորական ես, ոստիկան, իրավունք չունես բիզնես ունենաս, կամա թե ակամա դու պետք է գնաս էն ուղղությամբ, որտեղ կարող ես բարեկեցիկ ապրել:

– Գասպարյանը Ձեր առաջընթացը բացատրեց Ձեր երիտասարդ լինելով, դա՞ է Ձեր միակ առավելությունը:

– Ես զբաղեցրել եմ քրեական գլխավոր վարչության պետի պաշտոնը, և իմ պաշտոնն առաջխաղացում չէր: Դա կադրային տեղաշարժ էր:

– Եվ ո՞րն է այդ տեղաշարժի գրավականը:

– Ժողովրդի մեջ հարգանք ձեռք բերելը, ոստիկանության դերի բարձրացման կարևորությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում