Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին

Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը:

«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Իտալիայի Տրիկազե քաղաքում: Կինոփառատոնի կարգախոսն է` «Անկախ ֆիլմերի տոնախմբություն ամբողջ աշխարհից»: «Սալենտոն» միջազգային իրադարձություն է դարձել «շրջագայող» հայեցակարգի շնորհիվ, որը սկսվել է 2010 թվականին Լոնդոնի «Prince Charles» կինոթատրոնում` կինոնկարների ցուցադրությունով: Այնուհետև, Սալենտոյի կինոփառատոնն անկախ ֆիլմեր է ներկայացրել ամբողջ աշխարհում` Ցյուրիխում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոնկոնգում, Սանտյագո դել Չիլիում, Երևանում և այլուր: Կինոփառատոնն ամբողջովին նվիրված է անկախ արտադրություններին և ունի նորարարական բանաձև, որը սահմանում է բովանդակային բարձր որակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում