Ազգային գրադարանը ցուցահանդեսով ներկայացրեց մի շարք այբբենարանների եզակի նմուշներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյոթերորդ դարից մինչև մեր օրերը Հայաստանում և այլ երկրներում հրատարակված այբբենարանների եզակի ցուցանմուշները, որոնք տարիներ շարունակ պահվում են Հայաստանի ազգային գրադարանի հարուստ ֆոնդերում, ներկայացվեցին հետաքրքրասերների ուշադրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսում, որը բացվեց սեպտեմբերի 4-ին գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում, մի շարք հետաքրքիր նմուշների կողքին ցուցադրված է 1675 թվականին Մարսելի «Ս.Էջմիածնի և Ս.Սարգսի» տպարանում Ոսկան Երևանցու ջանքերով հրատարակված հնատիպ այբբենարանը` «Գիրք այբուբենից»-ը, որն ընդունված է անվանել նաև Ոսկանյան այբբենարան:
Գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը վերոնշյալ այբբենարանից բացի առանձնացրեց նաև 1860 թվականին Փարիզում հրատարակված «Հայկազն մանկանց», 1893-ին Վիեննայում լույս տեսած «Այբբենարան-հեգարան», 1909 թվականին Թիֆլիսում հրատարակված «Նոր այբբենարան» նմուշները:
«Ուշադրության են արժանի 30-ական թվականներին Հայպետհրատի հրատարակած այբբենարանները: Ներկայացված են նաև անգրագիտության վերացման նպատակով երեկոյան դպրոցներում կիրառվող մեծահասակների և դեռահասների համար նախատեսված այբբենարան-ընթերցարանները:
Ցուցահանդեսը ժամանակագրական սկզբունքով է արվել, որպեսզի այցելուները կարողանան հասկանալ, թե ինչ զարգացում է ունեցել այբբենարանների հրատարակության արվեստը 17-րդ դարից մինչև մեր օրերը»,-շեշտեց Սարիբեկյանը:
Գրադարանում հյուրընկալվել էր գրող, թարգմանիչ, այբբենարանների հեղինակ Վաչագան Սարգսյանը, որն այբբենարանների պատմության մասին դասախոսություն կարդաց ներկաների համար: Նա ասաց, որ Մաշտոցի ստեղծած այբբենարանը մեզ չի հասել: «Առաջին ձեռագիր այբբենարանը, որը փոխանցվել է մեզ, ստեղծվել է 1430 թվականին, իսկ տպագիրը` դրանից հարյուր տարի հետո: Այնուհետև մեզ է հասել աշխարհաբար առաջին այբբենարանը, որը 1871 թվականին է ստեղծվել, հետո` Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ կրթության»-ը: Հետագայում շատ այբբենարաններ են ստեղծվել, բայց ամենանշանավորը Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի այբբենարանն էր: Հեղինակն ասում էր, որ իր ստեղծած այբբենարանը 500 հազար տուն է մտել. իրականում այդպես էր»,-պատմեց Սարգսյանը:
Նա կարևորեց նաև Ղազարոս Աղայանի այբբենարանը, որը քառասուն տարի է գոյատևել: «Նշանակալի են նաև Իսահակյանի, Թումանյանի, Հայրապետ Հայրապետյանի այբբենարանները: Երբ այբբենարանների համար նոր դարաշրջան սկսվեց, պետական ծրագրով, նոր չափորոշիչներով ստեղծվեց Աշոտ Տեր-Գրիգորյանի և Արմեն Վարդանյանի այբբենարանը, որը տպագրվեց 25 տարի»,-ընդգծեց Սարգսյանը:
Խոսելով իր հեղինակած այբբենարանի մասին` նա նշեց, որ 1998 թվականից առ այսօր իր այբբենարանն է դպրոցներում, որը տպագրվել է 800 հազար օրինակով:
«Դրանք հետաքրքիր են, հարուստ են խաղերով, երեխային հնարավորություն են տալիս մտածելով սովորել», – եզրափակեց հեղինակը:
Ցուցահանդեսին ներկա էին նաև դպրոցականներ, որոնց համար և որոնց մասնակցությամբ կազմակերպվեցին ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, և լավագույններն արժանացան մրցանակների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում