Մեծ գլխով, լղար մարմնով երևույթը. Ռուսլան Բաղդասարյանը՝ Երևանի այսօրվա կառավարման մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երևանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։
Իհարկե բնական է, որ հասարակությանը հուզող առանձին առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է ՝ համակարգային։
Խնդիրը Երևանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։
Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ և ոչ պրոֆեսիոնալ , ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի , իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում ՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։
Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երևանում
Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, և վստահ կարող եմ պնդել երևանցիները՝ նույնպես , համոզվեցինք, գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։
Դեռևս 10 տարի առաջ ՝ 2009 թ-ին , ընդունված Երևանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է ՝ Երևանը համայնք է , համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի ։ Նախկին թաղային համայնքները , որոնց ղեկավարներն ընտրվում էին , կոչվեցին վարչական շրջաններ , ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է , եթե կադրերը պրոֆեսիոնալ են , իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է ։
Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երևանի քաղաքապետը ի վիճակի չի երևանցիների առօրյա հոգսերը հոգալ , թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետև օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում ՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները , դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը ։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետևանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար և գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն , գնդակի պես «տշեն» ՝ կարևորը իրենց դռներից հեռու ։
Այսինքն, վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երևանում ավելի արդյունավետ դարձնելու համար , սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձևական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները և պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի ՝ Երևանի քաղաքապետի վրա , և եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները , ստացվում է, որ այդ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երևանն ունի մրցույթ շահած օպերատոր, և քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար ( ի դեպ նախկինում ես ասել եմ , որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու ) , կանաչ գոտիներն այրվում են , վերելակներն ընկնում են և շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։
Եթե պատկերավոր ասեմ, Երևանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երևույթի , որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։
Ի՞նչ է հարկավոր անել
Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքևի օղակներ։ Մյուս կողմից, ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։
Քավ լիցի , ես նկատի չունեմ ,որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում , հնարավոր չի ։
Եվ ամենահետաքրքիրն այն է , որ հենց ինքը ՝ քաղաքապետն էլ է հասկացել , որ կամազ գնելով ՝ խնդիրը չի կարողանում լուծել , մետրոն չի կառուցելու , վերելակները չի փոխելու , բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում