Նորահայտ Սերխաչը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Սերխաչը, նույն ինքը՝ Սերգեյ Խաչատրյանը, որն իր մեջ կրում է սերն ու խաչը, ծառայում է երկու մուսայի՝ գրում է եւ նկարում: Մասնագիտությամբ ճարտարապետ է, ժողովրդական վարպետ, Հայաստանի նկարիչների միության անդամ… Ծնվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: 2016թ. Ռուսաստանի Տուլա քաղաքում տեղի ունեցած միջազգային գրականության եւ պոեզիայի փառատոնին մասնակցել եւ գրավել է (12 բանաստեղծությամբ) առաջին պատվավոր տեղը, ստացել վաստակավոր արվեստագետ-մտավորականի դիպլոմ: Գրականությամբ 62 տարեկանից է զբաղվում: Առաջնեկը «Գոյի զարկերակը բանաստեղծությունների ժողովածուն է:
Բանախոսենք, ծանոթացնենք «Մենակյանցն ու հոգիները» նոր գրքի բովանդակությանը: «Մենակյացն ու հոգիները» Սերխաչի առաջին փորձն է արձակի ժանրում (տեսնենք՝ փորձը հո փորձանք չի բերել): Ընթերցողը կպարզի, որ հեղինակը նաեւ գրքի նկարիչն է:
Արձակ ժողովածուն հեղինակի առաջին գրքի, բառանկարչությամբ հարուստ պոեզիայի շարունակությունն է՝ համեմված ասույթներով ու բնափիլիսոփայությամբ: Պատմելաոճը անկաշկանդ է, անկեղծ, ասելիքը՝ վերջին տարիներին երկրի առջեւ ծառացած խնդիրները, որոնք հուզում են բոլորիս: Պատմվածքներում, նովելներում Սերխաչը փորձում է թափանցել մարդու ներաշխարհի գաղտնարանները, պեղել, գտնել նորը, խորհրդավորը եւ այն ներկայացնել իր տեսանկյունից:
Հեղինակն «Իմ ընթերցողներին» խոսքում խոստովանում է. «Պատկերացնո՞ւմ եք, ես էլ մի ժամանակ ձեզ նման երիտասարդ եմ եղել՝ խորհրդային երկրի օրենքներին անհաշտ երիտասարդ, որը հիմա այդ տարիների սխալներից, արկածախնդրություններից պատահաբար մազապուրծ փրկված մի ըմբոստ ու բարի ծերուկ է»…
Ժողովածուն բացվում է «Կողոպտված ֆաբրիկայի գործը» պատմվածքով, որտեղ նկարագրվում է աշխարհի առաջին «հումանիստ» պետության հոգեվարքը, արցախյան ազատագրական պայքարը, սովը, բարձիթողի վիճակը: Պատմվածքի հերոսը հեղինակն ինքն է: Չգիտեր ինչպես թեթեւացներ ընտանիքի հոգսը: Որոշում է կամավոր մեկնել պատերազմ, բայց հիվանդության ախտորոշմամբ ընկնում է հիվանդանոց: Բուժվելուց հետո, ծանոթի միջոցով պահակ է աշխատում Գրդոն Արկոյի ֆաբրիկայում, որտեղ էլ իր պահակության ժամանակ կողոպուտ է կատարվում: Բայց, ի վերջո, ճշմարտությունը բացահայտվում է: Կողոպտիչը Գրդոն Արկոյի հակառակորդ Բիթի Կարոն է լինում:
Ցուրտ ու մութ տարիներին հեղինակն իր ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնում է Չեխիա: «Սելդաչեկի ընտանիքը» իրապատումը հայկական եւ եվրոպական ընտանիքների նմանության եւ տարբերության մասին է: Նկարագրվում է չեխ Սելդաչեկի ընտանիքը. մեկը մյուսի նկատմամբ անհաշտ, անհյուրընկալ, անհավատարիմ, ժլատ, անտարբեր ու սառը լինելը, համեմատում նրանց վարքն ու բարքը հայ ավանդական օջախի հետ: «Վերնիսաժի Գիժ Վարոն» պատմվածքը խորհրդածությունների առիթ է տալիս մեր օրերի մարդու արժանապատվության, ինքնավստահության, բայց կյանքում իր տեղը չգտած գիտակի, փիլիսոփայի մասին, որին Գիժ Վարո ծաղրային պիտակն են կպցրել:
«Ծովափնյա տիրուհին» պատմվածքում հեղինակը հոգեբանորեն վերլուծում է, թե ինչու եւ ինչպիսի փոխհարաբերություններից են առաջանում չարն ու բարին, թե ինչպես պիտի անհաշտ պայքար մղել չարի դեմ: Բարու եւ չարի անհաշտ պայքարն է ներկայացվում, խաթարված ճակատագրերը: Գրողի նպատակը բարություն սերմանելն է:
«Կուտ գնացած սերը» գործում վերադառնում է նախկին սերը, որպես նախկին սխալների եւ գործած մեղքերի ապաշխարանք:
«Կաղ Արեւոն» պատմվածքից իմանում ենք՝ բնությունն անարդար է գտնվել. Արեւոն կաղ է ծնվել: Բայց նույն բնությունն ուզում է շտկել ինքն իրեն: Արեւոյի մայր դառնալու երազանքը կատարվում է տառապանքի գնով: Սերունդ ունենալու ձգտումը հաղթում է:
«Աղդամի խենթ աղջիկը» պատմվածքը գրված է արցախյան ազատագրական պայքարի ոգով: Հերոսուհին Ներքին Հոռաթաղի գյուղխորհրդի նախագահի 18-ամյա դուստրն է՝ Աստղիկը, որը Լեոնիդ Ազգալդյանի հետախուզական խմբում կարեւոր առաջադրանքներ է կատարում իր «մոր»՝ ուսուցչուհի Լիդայի հետ, որն էլ պսակվում է հաջողությամբ:
«Ավետիս պապի մեդալները». Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ավետիսը բազմաթիվ մեդալների է արժանացել, հանկարծ անհետանում են այդ պարգեւները: Արցախում չորս տարի կռված որդին՝ Սարոն, հոր վիշտը թեթեւացնելու համար ասում է. «Իմ ու քո կռիվները տարբեր են: Դուք կռվում էիք, որ հզոր Ռուսաստանը հող չկորցնի եւ մնա աշխարհի հզոր տերություններից մեկը, իսկ մեր կռիվը սեփական հայրենիքը հազարավոր տարիների վաղեմի թշնամուց ազատագրելու համար էր»…
«Փրկիչը» նվիրված է հեղինակի մոր հիշատակին: Ազգությամբ վրացի Նասերիձե Քեթոն հայ ընտանիքի հարս է, մայր, բուժքույր: Շրջանի գլխավոր բժիշկը այսպիսի խոսքերով է գնահատում երջանկահիշատակ Նասերիձեի անբասիր աշխատանքը. «Այս համեստ, ազնիվ ու աշխատասեր կնոջ 25 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում ոչ մի նորածնի եւ ծննդկանի մահվան դեպք չի գրանցվել, այն դեպքում, երբ նրա հիվանդանոցային եւ լաբորատոր պայմանները հողե տներ են եղել եւ դեղերի ու գործիքների մի փոքր ճամպրուկ»:
«Մենակյացն ու հոգիները» պատմվածքը խորհրդածությունների առիթ է տալիս, ահազանգում. հայրենիքի վտանգներով լի պահին չլքե՛լ հայրենիքը:
Ընթերցելով Սերխաչի ժողովածուն՝ կհամոզվեք, որ փորձը արձակի ժանրում նրան փորձանք չի բերել ու չի բերի: Գործերի զգալի մասը վարպետ ձեռքով է գրված: Պահպանված են ժանրին հատուկ առանձնահատկությունները: Սերխաչի մուտքը ողջունելի է հայ արձակում:
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ
Գուրգեն ԼՈՌԵՑԻ