BBC. Թուրքիան վտանգավոր ջրերում է

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթը ներկայացնում է Ստամբուլի Գեզի զբոսայգու համար մղվող պայքարին հետևող միջազգային մամուլի արձագանքը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ստորև ներկայացնում ենք արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի դեպքերին:

BBC. «Թուրքիան վտանգավոր ջրերում է»

«BBC» -ի Ստամբուլի թղթակիցը իր հրապարկման մեջ նշում է, որ Էրդողանի «այլևս հանդուրժողականություն չենք ցուցաբերի» հայտարարությունը նոր բախումների է հանգեցրել ոստիկաններին և ցուցարարներին:

«Թուրքիան խորը ճգնաժամի մեջ է, և անվճռականորեն է շարժվում առաջ: Նրանք բնակչության մեծ մասին օտարացրեցին և չկարողացան վախեցնել արցունքաբեր գազով: Աշխարհի ամենաառանցքային մահմեդական ժողովրդավարություններից մեկը վտանգավոր ջրերում է»:

Guardian. «Էրդողանը նմանվում է Մարգարետ Թետչերին»

Անգլիայի ամենահայտնի թերթերից մեկը’ «Guardian»-ը, գրում է, որ Թուրիքայում տեղի ունեցող իրադարձություններում ցավալի հեգնանք կա : Թերթը հիշեցնում է Էրդողանի ‘ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մոբարաքի մասին ասած խոսքերը, թե «ոչ մի կառավարություն առանց ժողովրդի ցանկության ոտքի վրա մնալ չի կարող» և ավելացնում, որ հիմա հենց ինքը’ Էրդողանը, քաղաքացիական շարժմանը մասնակցող մարդկանց անվանում է «ավազակ» ու «օտարերկյրա գործակալ»:

Թերթը նշում է, որ Էրդողանի չփոփոխվող կեցվածքը հիշեցնում է Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերին, ով ասում էր. «խոսքիցս հետ չեմ կանգնի» և մեջբերում Էրդողանի խոսքերը. «եթե այս ամենը որպես կոշտություն է ընկալվում , ուրեմն ցավում եմ, բայց Էրդողանը չի փոխվի»:
«Նա , որ բանակը հետ ուղարկեց զորանոց, խորքային պետության ուժը հետ մղեց, Թուրքիայում ժողովրդավարական ազատությունների հարցում բարեփոխումներ արեց, այսօր ինչպես երևում է, դրանց իսկ հետևանքները չի կարող գլուխ բերել:

Independent. «Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում»

«Independent» թերթում հրապարակված «Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում» հոդվածում ասվում է, որ եթե նույնիսկ Էրդողանի կոշտ դիրքորոշումն իր աջակիցների կողմից ողջունվում է, ապա դա կարճ կտևի.

«Կոշտ խաղալը և ընդդիմադիրներին որպես թշնամի ներկայացնելը կռվող առաջնորդների պաշտպանական ստանդարտ մեխանիզմներից է: Վարչապետը չի ցանկանում ցույցերը լուրջ ընդունել , և սա հետագայում կարող է լինել մի սխալ, որի համար նա կզղջա»:

Washington post. «Ցուցարարները տնտեսության համար խնդիրներ կստեղծեն»

Ամերիկայում տպագրվող «Washington post» թերթը գրում է, որ գնալով ահագնացող ցույցերը կարող են բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա: Ըստ պարբերականի’ տարածաշրջանում կայուն և աճող թուրքական տնտեսության վրա ցույցերը վատ ազդեցություն կունենան:

The Times. «Սպասում եք, որ ծնկի՞ կգամ»

Անգլիական «The Times»-ը Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հրապարակումը վերնագրել է այսպես’ «Ծնկի գալո՞ւս եք սպասում: Էրդողանը ոստիկաններին կարգադրել է ցրել ցուցարարներին»:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետը կիրակի օրը հայտարարել է. «Համբերությանս բաժակը լցվում է» որից հետո, հաջորդ օրը առավոտյան ոստիկաններն արցունքաբեր գազով ու ջրցանմեքենաներով սկսեցին ցրել ցույցերը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը’ հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել’ օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն’ կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում