Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ընթանում է «Հին արհեստների նոր տունը» ծրագիրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել է ս. թ. հուլիսի 17-ից և վերաբերում է հայկական ավանդական արհեստների ուսուցմանը: Այն նախատեսված է 18-60 տարիքային խմբի համար, որի ընթացքում ուսուցանվում է բացիկագործություն և ժանեկագործություն: Բացիկագործության դասընթացի ընթացքում մասնակիցները դեկորատիվ թղթի վրա ասեղնագործում են և պատրաստում թեմատիկ բացիկներ: Հայկական ասեղնագործ ժանյակի դասընթացի ընթացքում մասնակիցները հմտանում են նուրբ, գեղեցիկ անձեռոցիկներ և թաշկինակներ պատրաստելու գործում:
Ծրագրի երկրորդ մասը մեկնարկելու է սեպտեմբերի կեսին և նախատեսված է 13-18 տարեկանների համար, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Աշտարակի պատմամշակութային հուշարձանների պատմությանը, տարածաշրջանի ավանդույթներին, էքսկուրսավարության հմտություններին, կանցկացվեն անգլերենի պարապմունքներ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, ինչպես նաև թանգարանի հանրահռչակմանն ու աշխույժ կրթական միջավայրի հաստատմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում