Հայ-շեքսպիրյան ընկերության 3-րդ միջազգային գիտաժողովը կայացավ Վենետիկում

Հայ-շեքսպիրյան ընկերության 3-րդ միջազգային գիտաժողովը կայացավ Վենետիկում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am։ Հայ-շեքսպիրյան ընկերության նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ անցկացվեց «Շեքսպիրը արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկներում» խորագրով միջազգային գիտաժողովը։

Այս տարի այն նվիրված էր հայ մեծանուն շեքսպիրյան դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 130-ամյակին եւ կայացավ հուլիսի 14-15-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, որի սանն է եղել Վ. Փափազյանը 1905-1907 թթ։ Փափազյանին բախտ է վիճակվել այնուհետեւ սովորել Միլանի արվեստների ակադեմիայում եւ որպես շրջիկ դերասան առաջին պրոֆեսիոնալ բեմական քայլերն անել Իտալիայում։

Շեքսպիրյան գիտաժողովը կազմակերպվել էր գերապայծառ Արք. Լեւոն Զէքիեանի եւ Մխիթարյան միաբանության աջակցությամբ։ Գիտաժողովին ներկա էին գիտնականներ եւ շեքսպիրագետներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Կիպրոսից, Հոլանդիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Սերբիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, որոնց թվում թատերագետ Փիթըր Բիլինգհամը եւ շեքսպիրագետներ Լիզա Հոփքինսը Մեծ Բրիտանիայից, Շեյլա Քավանախը եւ Քեյ Ստենտոնը ԱՄՆ-ից, ինչպես նաեւ պրոֆեսոր, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը՝ Հայաստանից։

Ողջույնի խոսք ասացին Հայ շեքսպիրյան ընկերության հիմնադիր Հասմիկ Սեյմորը, Հայր Սերոբը՝ Վենետիկի մխիթարյան միաբանությունից, իսկ վենետիկաբնակ լրագրող Ավետիս Հաջյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց հայերի եւ Իտալիայի միջեւ պատմական առնչությունները։ Գիտաժողովի ձեւաչափը այս տարի պլենար զեկուցումներից բացի, ուներ պանելային բնույթ եւ ներկայացված էր հինգ ընդգրկուն թեմաներով։ Բացի գիտական փոխշփումներից՝ մասնակիցներն առիթ ունեցան այցելելու Ս. Ղազար կղզի եւ ծանոթանալու հայ մշակույթի գողտրիկ օջախի հետ՝ իր հազվագյուտ հատորներով եւ թանգարանային նմուշներով։ Կազմակերպվեց նաեւ շրջայց վենետիկյան հայկական եւ շեքսպիրյան պատմական վայրերով։

Գիտաժողովի փակմանը, Հասմիկ Սեյմորը շնորհակալություն հայտնեց գերապայծառ Արք. Լեւոն Զէքիեանին եւ մխիթարյան հայրերին, ինչպես նաեւ բոլոր միջազգային մասնակիցներին՝ բազմաբնույթ հոդվածների եւ մտքերի փոխանակման համար՝ Մուրատ- Ռափայելյան վարժարանի հայելապատ գեղաշուք սրահում։

«Հայ շեքսպիրյան ընկերության նպատակն է ոչ միայն միավորելու հայ եւ օտարերկրյա շեքսպիրագետներին, այլեւ վերջիններիս ծանոթացնելու հայ մշակույթին եւ շեքսպիրյան հարուստ ավանդույթներին։ Ընկերության հիմնադիր-նախագահ Սեյմորի ջանքերի շնորհիվ գիտաժողովներն ունեն շարունակական բնույթ եւ տարեց-տարի ավելի ճանաչելի են դարձնում հայ մշակութային եւ շեքսպիրյան ժառանգությունը Հայաստանից դուրս։ Գիտաժողովը մեզ համար կարեւոր էր ոչ միայն նրանով, որ լսվեցին բազմաթիվ նոր եւ հետաքրքիր զեկուցումներ մեծ դրամատուրգի ստեղծագործությունների տարբեր հարցերի շուրջ, այլ որ արտասահմանցի գիտնականները հնարավորություն ստացան ծանոթանալու հայ մշակույթին. նախ՝ որ գիտաժողովը տեղի ունեցավ Մուրատ-Ռափայելյան վարժարանում (որն ափսոս, իբրեւ վարժարան այլեւս չի գործում), եւ ապա՝ գիտաժողովի ողջ կազմը (աշխարհի տարբեր կողմերից ժամանած մի քանի տասնյակ ճանաչված մասնագետներ) եղան Սուրբ Ղազար կղզում արդեն 300 տարուց ավելի հաստատված Մխիթարյան Միաբանությունում, որը ցնցող տպավորություն գործեց նրանց վրա։ Արտասահմանցի հյուրերն ապշահար եղան այն հրաշքից, որի ականատեսը եղան Սուրբ Ղազար կղզում, այն ակնառու փաստից, թե ինչպես նախկին բորոտների կղզին մահվան եւ ողբերգության այդ տխուր վայրը մի խումբ անձնվեր եւ սուրբ մարդկանց կողմից, ինչպիսիք էին Մխիթար Սեբաստացին եւ նրա հետեւորդ – աշակերտները, այդ ամենը վերածեցին հոգեւոր- ինտելեկտուալ կենտրոնի, մտավոր Եդեմի։ Հյուրերի համար հայ շեքսպիրյան ընկերության Վենետիկի գիտաժողովը վերածվեց հայ մշակույթին նվիրված յուրօրինակ տոնի, այդ մասին նրանք դեռ պետք է գրեն եւ խոսեն իրենց երկրներում, այ ն ինչն այժմ այդքան անհրաժեշտ է մեր պատմության, մշակույթի եւ ողջ Հայ Դատի համար ընդհանրապես»,-ասաց Հենրիկ Էդոյանը:

Լ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում