Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Հունիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար եւ նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է:

Դեսպան Մանուկյանը եւ Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները եւ այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության եւ լիարժեք իրականացման հնարավորության հարցերը:

Դեսպան Մանուկյանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի’ հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը եւ ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում