Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել. Թունյան (Տեսանյութ)

Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել. Թունյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am:  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պնդում է, որ այս պահին չկան իրավական հիմքեր Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար:

«Այս պահին որոշումը հետևյան է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», – ասաց Թունյանն այսօր լրագրողներին:

Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի, արդյոք դա նշանակու՞մ է, որ «Էլարդ»-ի եզրակացության նկատմամաբ անվստահություն կա, Թունյանն ասաց, որ «Էլարդ»-ի եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ:

«Կան մեթոդական, զուտ գիտական տարաձայնություններ, մասնագետները պետք է դրա վերաբերյալ կարծիք հայտնեն: Այս մեկ տարին բավականին ժամանակ է, որպեսզի բոլոր կասկածելի հարցերի պատասխանները տրվեն: Պետք չէ շատ ֆորմալացնել ամեն ինչ: Կստուգեն, եթե ինչ-որ կասկածելի բան լինի, համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունն աղտոտելու ճանապարհով», – ասաց Թունյանը:

Նոր ՇՄԱԳ-ի մասին խոսելով՝ պատգամավորն ասաց, որ նորն անցկացնելու համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր չկան:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ իրավական հիմք չկա, որ հանքի շահագործումը արգելվի՝ խնդրելով ապաշրջափակել հանք տանող բոլոր ճանապարհները:

 


Հետևեք մեզ նաև Telegram-ում