Էրդողան. Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտին չձևավորվի, մենք մեր ճանապարհով կգնանք

Էրդողան. Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտին չձևավորվի, մենք մեր ճանապարհով կգնանք

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք անվտանգության գոտու ձևավորման հարցում ԱՄՆ-ի համար վերջնաժամկետ է սահմանել մինչև սեպտեմբերի վերջը: Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոն են ստեղծել: 

Ըստ Էրդողանի, եթե մինչև սեպտեմբերի վերջ Եփրատի արևելքում թուրք զինվորների մասնակցությամբ գործնականում անվտանգության գոտի չձևավորվի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը: Էրդողանն ընդգծել է, որ անվտանգության գոտու ձևավորման հարցը 3-5 անգամ ուղղաթիռների թռիչքներով, կամ 5-10 զրահամեքենայով պարեկություն իրականացնելը չէ, այլ տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը պետք է անվտանգ դարձնել:

Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքներն անվտանգության գոտու ստեղծման շուրջ շարունակվում են: Թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում ամեն անգամ համոզվում են, որ անվտանգության գոտու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի պատկերացումները տարբեր են:

«Մինչ մենք նպատակ ենք հետապնդում տարածաշրջանում տեղավորված ահաբեկչական կազմակերպությունն ամբողջապես ոչնչացնելու, նրանք (ԱՄՆ) հաշվարկում են, թե ինչպես ահաբեկչական կազմակերպության միջոցով մեզ կառավարեն: Ստացվում է, որ մեր դաշնակիցը նպատակ ունի ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպության համար է անվտանգության գոտի ստեղծել», -նշել է Էրդողանը:

Անդրադառնալով անվտանգության գոտու թուրքական ընկալմանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածքը պետք է մաքրվի «PKK-ի զինյալներից և նրա թևը համարվող ուժերից» (Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին) և այդ տարածքում պետք է վերաբնակեցվեն Եվրոպա և այլ վայրեր գաղթած սիրիացի փախստականները:

Էրդողանը փախստականների խնդրի մասին խոսելիս անուղղակիորեն սպառնացել է նաև Եվրոպային. «Եթե այս պայքարում մեզ անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերվի, ապա Թուրքիայում գտնվող 3 մլն 650 հազ սիրիացիների, ինչպես նաև Իդլիբից 2 մլն մարդու հնարավոր ներհոսքը չենք կարողանալու կասեցնել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում