Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:

Անդրադառնալով Եվրոպական միության Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության և ԵՄ-ի հետ գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների մասին հարցին՝ վարչապետը կրկին հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ:

Այնուհետև խորհուրդը քննարկել է Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոնի ստեղծման նպատակա¬հար¬մարության և բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման իրավական հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան մարմիններին դրանց ուղղությամբ շարունակել քննարկումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ կառավարության հաստատմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում