ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է ՀՀ Ազգային ժողով

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հունիսի 14-ին հանդիպեց ԵԱՀԿ կառավարման եւ ֆինանսավորման խորհրդատվական խմբի անդամներին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 18 երկրներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Խորհրդատվական խմբի անդամները տեղեկացրին, որ տարածաշրջանային իրենց այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալու ԵԱՀԿ առաքելությանն ու իրականացվող ծրագրերին, որոնք հետագայում հիմք կդառնան՝ քննարկելու իրենց միացյալ բյուջեն եւ գնահատելու հետագա ներդրումների արդյունավետությունը: Մասնավորապես նրանք տեղեկացրին, որ արդեն ծանոթացել են Հայաստանում ծրագրերից մեկի իրականացման ընթացքին եւ շատ գոհ են արդյունքներից:

Հյուրերի խնդրանքով Կորյուն Նահապետյանը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ հանձնաժողովի համագործակցության ուղղությունները: Նա կարեւորեց հատկապես Երեւանյան գրասենյակի մասնագիտական ու տեխնիկական աջակցությունը խորհրդարանին պաշտպանության եւ ոստիկանության ոլորտներում խորհրդարանական վերահսկողությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը ու կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու գործում: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ այդ համագործակցության արդյունքում է ծնվել նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի եւ հանձնաժողովի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ըստ որի՝ կողմերը համագործակցում են օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում