Ինչո՞ւ չի պատժվում «Եվրոմոթորսի» տնօրենը

«Հրապարակը» գրում է. ««Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը շարունակում է ազատության մեջ հանգիստ խղճով ապրել, մինչդեռ 2012 թվականի նոյեմբերի 25-ին իր կողմից ծեծի ենթարկված Հայկազ Խաչատրյանն ապրիլի 21-ի գիշերը հիվանդանոցում մահացավ:

Հայկազ Խաչատրյանը ծեծկռտուքի օրը հիվանդանոց տեղափոխվելուց հետո այդպես էլ դուրս չէր գրվել եւ շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ, այդ ընթացքում նա նաեւ գլխուղեղի կաթված էր ստացել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրը, երբ մինչ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել է բարձրանալ վերեւ ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ։ Այս հորդորն անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։

Ո՞վ է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռազբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացած աղմուկից դուրս է եկել նաեւ Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, եւ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նշենք, որ Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր որդին է։

Դեպքից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, սակայն օրեր անց փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործի ընթացքը չփոխվեց Հայկազ Խաչատրյանի մահվանից հետո»:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում