20-ամյա Մարո Գուլոյանն ինքնասպան չի՞ եղել

Կանանց ռեսուրսների կենտրոն (Women’s resource center, Armenia) կազմակերպությունը երեկ պահանջ է ներկայացրրել ՀՀ իրավապահ մարմիններին 20-ամյա Մարո Գուլոյանի մահվան հանգամանքները պատշաճ քննության ենթարկելու պահանջով։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Իրավապահ մարմինները 20-ամյա աղջկա մահը որակավորել են իբրեւ ինքնասպանություն։ Գործով վկաները տվել են միմյանց էապես հակասող ցուցմունքներ, ֆոտոլրագրողը լուսանկարել է Մարոյի մարմնի վրա առկա վնասվածքները, դատաբժիշկ-փորձագետը չի կցել դիակի լուսանկարները, իսկ քննչական բաժինը որոշել է քրեական գործով վարույթը կարճել: «Ի՞նչն է պատճառը՝ անտեղյակությո՞ւնը, թե՞ գործի կոծկումը պայմանավորված է Աբովյանի հայտնի Գուլոյանների հեղինակությունից ունեցած ահով»,- հարց է բարձրացնում կազմակերպությունը:

«Այս անօրինական որոշումը բողոքարկվել է Կոտայքի մարզի դատախազությունում, սակայն ստացվել է մերժում, որից հետո բողոքը հասցեագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

Մարո Գուլոյանն ինքնասպան չի եղել, ուստի իրավապահ մարմինները պարտավոր են պատշաճ քննություն իրականացնել գործով՝ ղեկավարվելով միայն օրենքով,- պնդում է Կանանց ռեսուրսների կենտրոնը…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում